ՄԵԿԻՆ ԱԶԱՏԱԶՐԿԵՑԻՆ, ՄՅՈՒՍԻ ԳՈՐԾԵՐԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով դատավճիռը: Նա դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ այդպես էլ հրաժարվելով անուններ տալ, թե ում հետ էր «կիսվել» յուրացված գումարը:

Վազգեն Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005թ. հունվարի 14-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 17-ն աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ 2006-2010թթ. ընկած ժամանակահատվածում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով հափշտակել է իր վստահությանը հանձնված, մահացած կենսաթոշակառուների գումարները: Հափշտակված գումարների ընդհանուր թիվը կազմում էր 260մլն 956 հազար ՀՀ դրամ: Ավելին՝ ըստ մեղադրականի՝ Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը: Հիշեցնենք, որ այս չարաշահումները բացահայտել էր ՀՀ վերահսկիչ պալատը:
Ու մինչ այս գործով քննությունն ընթանում էր, 2014-ի օգոստոսի 21-ին Վազգեն Խաչիկյանի եւ այս գործով անցնող եւս մի քանի անձանց նոր մեղադրանք առաջադրվեց: Մեղադրողի ներկայացրած բացատրության համաձայն` դատաքննության ընթացքում պարզ է դարձել, որ ըստ նոր հանրագումարի` ամբաստանյալների կողմից յուրացվել է ոչ թե 260 մլն 956 հազ 681 ՀՀ դրամ, այլ 267 մլն 266 հազար 819 ՀՀ դրամ: Միգուցե Վազգեն Խաչիկյանին նոր մեղադրանք առաջադրելը կապված էր յուրացված գումարի չափով, սակայն չի բացառվում նաեւ, որ Խաչիկյանին որոշեցին պատժել 2012թ. որոշ շրջանակներում արած իր հայտարարության համար:
«Ժողովուրդ»-ը 2012-ի հոկտեմբերի 27-ին գրել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Վազգեն Խաչիկյանը ձերբակալվելուց առաջ հայտարարել էր, որ միայնակ չի «կերել» այդ հսկայական գումարները: Ավելին՝ տեղեկություններ կային, որ Վազգեն Խաչիկյանը հափշտակած 240 մլն դրամն ամենամսյա վճարումների տեսքով կիսվել էր nրnշ պատգամավորների հետ: Ըստ այդմ, խոսվում էր, որ Խաչիկյանն այդ գումարները փոխանցել է Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, սակայն վերջինս չէր հաստատել տեղեկությունը:
Ու ինչպես նկատում ենք՝ Վազգեն Խաչիկյանին լռեցնելու փորձերն ունեցան իրենց ցանկալի արդյունքը. երեկ դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց կենսաթոշակները հափշտակելու գործով վճիռը, եւ Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման՝ այդպես էլ անուններ չտալով:
Ի դեպ, Վազգեն Խաչիկյանի ազատազրկմամբ չի ավարտվում Խաչիկյանների նկատմամբ առկա քրեական հետաքրքրությունը: «Ժողովուրդ»-ը հոկտեմբերի 23-ին գրել էր, որ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի (նախկին 6-րդ վարչություն) բաժին մի քաղաքացի բողոք է ներկայացրել այն մասին, որ քաղաքապետը մանկապարտեզի շինաշխատանքների ընթացքում յուրացումներ է կատարել:
Վազգեն Խաչիկյանի եղբայրը` Հայկազ Խաչիկյանը, սակայն հերքել է իր հասցեին հնչեցված մեղադրանքը: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում Խաչիկյանի եղբոր գործը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ գործը ՀՀ քննչական կոմիտեն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ընդդատության հարցը որոշելու համար:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ախթալայի քաղաքապետի դեմ բողոքող կինը հրաժարվել է իր բողոքից՝ ասելով, թե իրեն խաբել են: Բայց այս գործով մի ոստիկան է անցնում, ու չի բացառվում, որ այդ հանգամանքն է ստիպել քննչական կոմիտեն գործն ուղարկի ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ընդդատության հարցը որոշելու համար: Իսկ թե ինչ կլինի քաղաքապետ Խաչիկյանի ճակատագիրը, դեռեւս դժվար է ասել:

 

 

 

 

ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՔՐԵԱԿԱՆ «ՓՈՒՉԻԿՆԵՐԻ» ՇԱՐՔԻՑ

ՀՀ գլխավոր դատախազությունը կարճել է հատուկ քննչական ծառայությունում քննվող Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի, ինչպես նաեւ՝ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել էր քրեական գործ: Այն ուղարկվել էր ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար: Այս հրապարակումից երկու օր անց՝ հոկտեմբերի 31-ին էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ եւս քրեական գործ է հարուցվել:
Բանն այն է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազն անբարեխիղճ էր եղել իր հսկողության տակ գտնվող քրեական գործի նկատմամբ, չէր հետեւել նախաքննության ժամկետին, ինչի հետեւանքով էական վնաս էր պատճառվել անձի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ՝ պետության օրինական շահերին:
Մասնավորապես նախաքննության ժամկետն անցնելու պատճառով անհնարին էր դարձել դրա հետագա երկարացումը, առաջացել էր հանրային իրավահարաբերության տիրույթում գտնվող քրեական գործով վարույթի բնականոն ընթացքն ապահովելու, քրեական գործով վարույթը շարունակելու, ապացույցներ հավաքելու, ստուգելու, գնահատելու եւ դրա հիման վրա ուրիշի գույքը ենթադրաբար հափշտակած անձին (անձանց) քրեական պատասխանատվության ենթարկելու եւ տուժողի խախտված իրավունքները վերականգնելու անհնարինություն: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննիչների, ինչպես նաեւ՝ դատախազի լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել էին, իսկ քննությունն իրականացվում էր ՀՔԾ-ում:
Նշենք, որ սա արդեն երկրորդ գործն է, որը կարճվել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ցուցումով: «Ժողովուրդ»-ը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացավ, որ քրգործը կարճվել է ՀՀ քր. դատ օր. 35 հոդվածի առաջին մասի 2-րդ կետի հատկանիշներով` արարքի մեջ հանցակազմ չի եղել:
Այսպիսով՝ ՀՀ գլխավոր դատախազության եւ քննչական մարմինների միջեւ առկա հակամարտության իրավական փուլը հերթով փակվում է. նախ՝ դատախազը կարճեց Շենգավիթի քննիչների գործը, ապա՝ Մալաթիայի, իսկ ԱԱԾ-ում էլ, ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, ՀՔԾ քննիչների նկատմամբ հարուցված քրեական գործն է կարճվել (սակայն դեռ պաշտոնական տեղեկություն չկա): Այս քայլերով Գեւորգ Կոստանյանը փորձում էր ցույց տալ, թե ինքն է որոշում՝ որ գործը երբ եւ ինչպես կարճել, մինչդեռ քննչական մարմինները վստահ են, որ այդ գործերը դատական վաճխան չէին էլ կարող ունենալ, քանի որ միայն փաստաբանների ու քննիչների վարույթում գտնվող գործերով անցնող տուժողների նամակները բավարար հիմք էին՝ այդ «փուչիկ» գործերը կարճելու համար: Հուսանք՝ իրավապահ համակարգի «գիգանտների» պայքարն այսքանով կավարտվի, եւ նոր ճակատագրեր չեն խեղվի հերթական հակամարտության արդյունքում:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ԴԻՎԵՐՍԻՈՆ ԽՈՒՄԲ
Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը փորձել է դիվերսիոն գործողություն ձեռնարկել: Արդյունքում` հայկական կողմը կանխարգելիչ հարված է հասցրել, ու հակառակորդը 5-7 զոհ է տվել:
Ըստ պաշտոնական տեղեկության՝ դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:
Armlur.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը հայտնել է, որ Գարիկի ծնողները դեռեւս չգիտեն դեպքի մասին, իսկ հարազատները համացանցից են տեղեկացել: Համայնքապետի խոսքով՝ նրանք պատրաստվում են գույժը հայտնել Իսպիրյանների ընտանիքին: «Հիմա փորձում ենք ուժ հավաքել եւ գնալ նրանց տուն՝ ասելու: Մի տղա էլ ունեն, հաշմանդամ է ու չի ծառայել: Էս մեկն էր ծառայում, էն էլ այսպիսի դժբախտ դեպք եղավ»,- նշել է Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ զոհված զինծառայողի ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է ապրում:
Նշենք նաեւ, որ Ադրբեջանցի երկու զինծառայողներ նախօրեին՝ երեկոյան, ավտոմեքենայով պայթել են Ադրբեջանի արեւմուտքում գտնվող Ղազախի շրջանի Բալաջացֆարլի գյուղում: Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: Արդյունքում ստացված վնասվածքներից զոհվել է երկու երեխաների հայրը՝ 35-ամյա Գոշգար Ղուրբանովը: Պայթյունից տուժած, Խանդիգլար գյուղի 26-ամյա բնակիչ Էշգին Շահբալազովը տեղափոխվել է հոսպիտալ:

 

 

ԿԼԻՆԵՆ ԽԻՍՏ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂ
Դեկտեմբերի 6-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Քննարկվել են Ամանորին նախորդող շրջանում օպերատիվ իրավիճակի վերահսկման խնդիրները: Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներին կարգադրել է շուրջօրյա ուժեղացված ծառայություն իրականացնել հասարակական վայրերում, առեւտրի խոշոր կենտրոններում, փողոցներում, բակերում, բոլոր այն տարածքներում, որտեղ հնարավոր է հանցամիտ տարրերի նախատոնական ակտիվացում: Ճանապարհային ոստիկանությանը հրահանգվել է բացառիկ անհանդուրժող լինել անսթափ վիճակում ավտոմեքենա վարողների հանդեպ եւ կանխել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման ցանկացած նման դրսեւորում:




Լրահոս