Ֆինանսական ճգնաժամը կարծես ցմահ որոշել է Հայաստանում մնալ: Թանկացումների մասին արդեն անհարմար է խոսել, ամեն օր ինչ-որ բանի գինը բարձրանում է, բայց հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք այդքան էլ չեն զգում այդ թանկացումները: Եւ դա գալիս է նրանից, որ նրանք պարզապես մեծ առեւտուր չեն անում: Վառ օրինակը երգչուհի Ալլա Լեւոնյանն է, ում ամուսինն ազատել է նրան առեւտուր, կոմունալ վճարումներ անելուց եւ նմանատիպ այլ հոգսերից:
-Վերջին շրջանում կրկին մի քանի մթերքի ու ապրանքի գին բարձրացավ` սկսած ալյուրից, վերջացրած ծխախոտով: Ինչպե՞ս եք վերաբերում օրեցօր ծանրացող տնտեսական այս իրավիճակին:
-Ես ընկերներ ունեմ արտասահմանում, իրենք էլ են բողոքում, որ թանկացումներ կան, ճգնաժամը դեռ չի ավարտվել: Մտածում էինք՝ մի 3-4 տարուց կնորմալանա, բայց էդպես չէ: Չի կարող դրսի ազդեցությունն այստեղ չլինել: Թանկացումները միայն մեզ մոտ չեն, ամբողջ աշխարհն է խախտվել: Մեքենա վարում եմ, բայց բենզինն էլ ես չեմ լցնում: Իմ ամուսինն այդ հարցերն ամբողջովին իր վրա է վերցրել: Ծանր հոգսից ազատված եմ: Չեմ կարող ասել՝ անմասն եմ, հնարավոր չէ, բայց մեծ առեւտրի հետ էլ կապ չունեմ:
-Ճիշտ է, առեւտուր չեք անում, բայց գոնե գիտե՞ք, թե սննդի մի զամբյուղի համար որքան է վճարում Ձեր ամուսինը:
-Ո՛չ, բայց երեւի մի անգամ կանեմ նմանատիպ առեւտուր, որ ես էլ իմանամ: Ես կարող եմ օրվա ընթացքում 1 անգամ մտնել խանութ ու գնել անհրաժեշտ բաներ, օրինակ` թթվասեր, մածուն, մանր-մունր ինչ-որ բաներ, հատուկ չեմ էլ հիշում՝ ինչն ինչքան արժե, վերջում ինչ գումար ուզում են, վճարում, դուրս եմ գալիս: Բանջարեղենային խանութ ունենք ներքեւում, որտեղից ես առեւտուր անում եմ, բայց հատ-հատ չեմ հարցնում՝ ինչ արժի:
-Ձեր ընտանիքը միջին հայ ընտանիք է, որքա՞ն գումար է ձեզ անհրաժեշտ՝ սննդի հետ կապված հարցերը լուծելու համար:
-Հավատացե՛ք` չգիտեմ, ուրեմն պետք է Սերոյին ուղղեմ այս հարցերը, որ իմանամ, ես իսկապես տեղյակ չեմ: Հիմնականում այստեղ չենք լինում, հյուրախաղերի եմ լինում, ամուսնուս հետ եմ գնում, երեխաները մնում են տատիկների մոտ: Ինձ մոտ մի քիչ ստաբիլ չէ այդ առումով: Ես էլ, ամուսինս էլ վատ չենք վաստակում, բայց կան շատ ընտանիքներ, որոնք ապրում են միջինից ցածր ու ավելի վատ վիճակում: Բայց հաստատ կարող եմ ասել, որ 100 հազար դրամ աշխատավարձով հնարավոր չի լինի ապրել:
-Իսկ որքա՞ն է անհրաժեշտ լավ ապրելու համար:
-Շատ, իսկ նորմալ ապրելու համար գոնե 300 հազար դրամ: Անկեղծ ասած, ես շատ նեղվում եմ այս տեսակ հարցերից, քանի որ պատասխանները չգիտեմ:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ