Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ:
Թերթի տեղեկություններով` օրակարգում է մարզպետների նշանակման հարցը: Ինչպես նախկինում նշել էր թերթը, այսօր ևս հայտնում է, որ ՀՀԿ-ական մարզպետները վերանշանակվելու են: Իսկ վերանշանակման պրակտիկա ՀՀԿ-ում կա. թերթը հիշեցնում թ, որ ավելի վաղ վերանշանակվել էին ՀՀԿ-ական նախարարները: Ինչպես նախարարների, այնպես էլ մարզպետների նշանակման դեպքում տրամաբանությունը նույնն է` փորձած թանն անփորձ մածնից լավ է:
Արդեն հստակ է, որ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա թեև երեկ թերթի թղթակցի հետ զրույցում կրկնել է, որ նման հարց չի քննարկվել, իրեն նման առաջարկություն չի եղել, ու թե և ինքն իրեն խորհրդարանում լավ է զգում, բայց եթե կուսակցությունը որոշի, որ պետք է մարզպետ լինի` միանշանակ կլինի մարզպետ:
Վայոց ձորի մարզպետի թեկնածուները երկուսն են: Այս պաշտոնի համար երկմտում են` նշանակել Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀԿ Վայոց ձորի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանին: