Վրաստանի ղեկավարությունը պատրաստ է ընդունել Պուտինի հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ: Այս մասին վրացական կառավարության ղեկավարը հայտնել է մամուլի ասուլիսում. տեղեկացնում է ТАСС-ը:

Գարիբաշվիլիի խոսքով՝ այդ հանդիպումը պետք է շատ լավ նախապատրաստել, որպեսզի այն արդյունավետ լինի: Միաժամանակ, Վրաստանի վարչապետը նշել է, որ հանդիպումը չպետք է տեղի ունենա զուտ հանդիպման համար:

«Այժմ դեռ վաղ է խոսել այն մասին, թե երբ և ինչ ձևաչափով կկայանա այդ հանդիպումը», – հավելել է նա:

Ուրբաթ օրը Թբիլիսիում Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին հայտնել էր, որ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն միայն երկկողմանի հարաբերությունների կարևորագույն հարցերը քննարկելու նպատակով. դրանք են՝ Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ կապված հարցերը, ինչպես նաև՝ Ռուսաստանի և Աբխազիայի միջև նոյեմբերի 24-ին ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Մոսկվայում կայացած մեծ ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է ընդունել Վրաստանի նախագահին և վարչապետին:




Լրահոս