«Գյումրու դժբախտ դեպքի մասին անհեթեթ և անսպասելի վարկածներ կլինեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին ոչ մի հարց այդպես էլ պատասխան չստացավ, ավելին՝  հարցերը գնալով շատանում են: Այս համոզմանն է քրեական իրադարձություններին լավատեղյակ, վերլուծաբան  Սերգեյ Գալոյանը, ում խոսքով, եթե դեպքը տեղի է ունեցել Հայաստանում, ուրեմն այստեղ ել պետք է քննություն անցկացվի:

Սերգեյ Գալոյանը վստահ է, որ ամեն րոպե մի ողջ ընտանիքի սպանած միակ մեղադրյալի՝ Վալերի Պերմյակովի ցուցմունքը վերջում ուրիշ տեսք է ստանալու:

«Կան բազմաթիվ հարցեր. մեկը՝ ինչու է «սապոգները» թողել, այդ ժամին զորամասից դուրս եկել, ինչ ջուր խմելու մասին է ընդհանրապես խոսքը, այս հարցերին ոչ մեկը պատասխան չունի: Պատկերացնում եք՝ ինչ «բեսպրեդել» վիճակ է Գյումրու ռուսական ռազմաբազայում, որ զինվորը կարող է գիշերվա երեքին ինքնաձիգով լքել զորամասի տարածքը», – նշեց Սերգեյ Գալոյանը՝ հավելելով, որ կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ զինվորն ասել էր, թե ինքը սահմանը հատելու և Թուրքիա անցնելու նպատակ չի ունեցել:

Վերլուծաբանի խոսքով, այս դեպքում Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից որևէ սադրանքի մասին խոսք լինել չի կարող: Նա նշեց, որ վարկածները պետք է այլ տեղ փնտրել:

«Ո՛չ Թուրքիային, ո՛չ էլ Ադրբեջանին պետք չէ այս կերպ Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծել և ընդհանրապես, այս դեպքը դեռ շատ անհեթեթ և անսպասելի վարկածներ առաջ կբերի: Եթե 1999-ին կրկին Գյումրիում և կրկին ռուս զինվորների կողմից իրականացված սպանությունը մինչև վերջ քննվեր Հայաստանում, և մեղավորները պատիժ կրեին այստեղ, այս դեպքը տեղի չէր ունենա», – եզրափակեց Սերգեյ Գալոյանը:

Հիշեցնենք, որ Գյումրիում օրեր առաջ վեց հոգանոց ընտանիք է սպանվել, իսկ սպանության իրականացման մեջ մեղադրվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:




Լրահոս