2012թ. փետրվարի 28-ին պետք է կայանար Ոսկեպարի դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթը: Բարձրագույն մանկավարժական կրթությամբ, 9 տարի Ոսկեպարի դպրոցը ղեկավարած Նվեր Բեգլարյանը միակ հավակնորդն էր եւ ուներ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հավաստագիր: Սակայն նա մրցույթին չի մասնակցել` համոզված լինելով, որ Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանի եւ Տավուշի մարզպետարանի կողմից դպրոցի կառավարման խորհրդում միտումնավոր նշանակվել են այնպիսի մարդիկ, որոնք անձնական վատ հարաբերություններ ունեն իր հետ: Փետրվարի 28-ի մրցույթը միակ հավակնորդ Նվեր Բեգլարյանի չմասնակցելու պատճառով չի կայացել:
,Մարտի 16-ին մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանն ինձ կանչեց իր աշխատասենյակ եւ մարզպետի անունից առաջարկեց ազատման դիմում գրել՝ ասելով, որ հակառակ դեպքում ինքը պետք է ներկայացնի իմ վատ աշխատանքի վերաբերյալ զեկուցագիր: Կրթության վարչության պետն ասաց, որ ինքնակամ դիմում գրելու դեպքում ինձ կապահովեն մեկ դրույքաչափով: Ես հրաժարվեցի դիմում գրել: Մարտի 19-ին Ա. Փաշինյանի զեկուցագրի հիման վրա Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ինձ ազատեց տնօրենի պաշտոնիցե,-ասում է դպրոցի նախկին տնօրեն Ն. Բեգլարյանը:
Մարտի 24-ին Ոսկեպարի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի զինղեկ Հարություն Ալավերդյանը: Նվեր Բեգլարյանն ասում է, որ եթե անբավարար աշխատանքի պատճառով են իրեն պաշտոնից ազատել, ինչո՞ւ տնօրենի պաշտոնակատար չի նշանակվել դպրոցի ուսմասվարը կամ տնօրենի՝ դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալը (երկուսն էլ ունեն բարձրագույն մանկավարժական կրթություն), այլ նշանակվել է մանկավարժական կրթություն չունեցող զինղեկը, որը չունի նաեւ դպրոցի տնօրեն աշխատելու համար անհրաժեշտ հավաստագիր: Բացի այդ, տնօրեն նշանակվելու պահին Հ. Ալավերդյանը եղել է դպրոցի կառավարման խորհրդի նախագահը եւ որպես խորհրդի անդամ՝ տնօրենի պաշտոնակատար նշանակվելու իրավունք չուներ, նախ պետք է հրաժարվեր դպրոցի կառավարման խորհրդի անդամությունից:
Մարզպետ Ա. Ղուլարյանը Հ. Ալավերդյանին դպրոցի գործադիր տնօրենի ԺՊ նշանակելու թիվ 36-Ա որոշման համար որպես հիմք ընդունել է ՀՀ կառավարության 2010թ. մարտի 14-ի ,Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասինե թիվ 319-Ն որոշումը: Մինչդեռ մարզպետն իր որոշման մեջ անփույթ է եղել. կառավարության այդ որոշումն ընդունվել է ոչ թե 2010թ. մարտի 14-ին, այլ՝ 2010թ. մարտի 4-ին: Վերոհիշյալ որոշման 3-րդ կետով սահմանված է, որ դպրոցի կառավարման խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում՝ հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում եւ անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:
Տավուշի մարզխորհրդի վերջին՝ հունիսի 12-ի նիստում իր զեկուցման մեջ Աշոտ Փաշինյանը խոսեց մարզի մի շարք դպրոցներում տնօրենի թափուր պաշտոնների համար մրցույթների մասին` ոչ մի բառ չասելով Ոսկեպարի դպրոցի մասին:
,Եռամսյա ժամկետում պետք է կայանա տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ, ինչո՞ւ Ոսկեպարի դպրոցում նման մրցույթ չի հայտարարվելե,-հարցրինք Ա. Փաշինյանին:
,Այդ մրցույթը պետք է կայանա տնօրենի պաշտոնակատար նշանակելուց հետո՝ եռամսյա ժամկետումե,-օրենքը ,յուրովիե մեկնաբանեց կրթության վարչության պետը:
Հ. Ալավերդյանը տնօրենի ԺՊ է նշանակվել մարտի 24-ին, արդեն 3 ամիս անցել է, սակայն մրցույթ չի հայտարարվել:
“Մրցույթ չեն հայտարարում, որովհետեւ Հ. Ալավերդյանը սերտիֆիկատ չունի, դրա համար էլ օրենքը խախտում են,-ասաց Ն. Բեգլարյանը եւ հավելեց,-դպրոցում որպես ուսուցիչ ամսական 45 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, ինքնին հարկադրում են, որ ես ընտանիքս, երկու դպրոցահասակ երեխաներիս վերցնեմ, գնամ արտերկիր”:
Նշենք, որ Ոսկեպարի դպրոցում ներկայում ընդամենը 101 աշակերտ կա: Բազմիցս փաստերով նշել ենք, որ Տավուշի մարզի դպրոցներում տարաբնույթ խախտումներ են կատարվում, սակայն դրանց համար ո՛չ մարզպետը, ո՛չ էլ կրթության վարչության պետը պատասխան չեն տալիս:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ