Ինչպես Armlur.am-ը հայտնել էր ավելի վաղ, հունվարի 20-ին կկայանա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից հրավիրված խորհրդաժողովը: Այն անցկացվելու է Ծառուկյանին պատկանող նորաբաց «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում: Այդ մասին երեկ մեր զրույցում տեղեկացրեց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Հայտնի է, որ խորհրդաժողովը բաղկացած է լինելու երեք մասից. կլինի բացման խոսք, հարցուպատասխան, ելույթներ և քննարկումներ: Համաժողովին մասնակցելու համար հրավեր է ուղարկվել մոտ մեկ տասնյակ ոչ իշխանական կուսակցությունների, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների, քաղաքագետների, վերլուծաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։ Իշխող Հանրապետական կուսակցությանը հրավեր չի ուղարկվել, քանի որ լինելու է ոչ իշխանական ուժերի համաժողով:
Նշենք, որ դեռ դեկտեմբերի 25-ին ՀԱԿ-ը հայտարարել էր, որ տարբեր ձևաչափերում է համագործակցում ԲՀԿ-ի հետ և կոնկրետ այս նախաձեռնության շրջանակներում իրենց մասնակցությունը չի լինելու: Խորհրդարանական «եռյակ»-ի մաս կազմող «Ժառանգություն»-ը մասնակցելու է համաժողովին:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի՝ համաժողով հրավիրելու որոշման մասին հայտնի դարձավ դեռ տարեվերջին և շատ իշխանական ուժեր սա համարեցին 2017թ. հերթական ընտրությունների նախապատրաստություն: