Երեկ “Հարսնաքարի” դիմաց տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ` “Հելսինկայն ասոցիացիան” հանդես է եկել հայտարարությամբ, որում գրված է.
“Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է 08.07.2012 թ-ին “Հարսնաքար” ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից “Հելսինկյան ասոցիացիայի” դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել “ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը” դիտարկելու առաքելություն իրականացնելիս:
Այս միջադեպը մենք գնահատում ենք որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ “Հելսինկյան ասոցիացիայի” աշխատակիցներին բռնության են ենթարկում` կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին և այլ դիտորդներին, ինչը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է կամ համապատասխան ընթացք չի տրվել:
Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետևանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեև ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի՝ քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի “Հելսինկյան ասոցիացիան” սպասում է իշխանությունների արձագանքին:
Հ.Գ Այն պահին, երբ պատրաստվում էինք հայտարարությունը ուղարկել ԶԼՄ-ներին, Ռուբեն Հայրապետյանը զանգահարեց Արման Վեզիրյանին, ներողություն խնդրեց և հայտնեց, որ զղջում է իր կատարածի համար: