Մեր իշխանությունների` աշխարհիկ և հոգևոր, ստրկամտությունը ոչ թե պարտադրված է, այլ ինքնաբուխ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ոճրագործությունից հետո ՀՀ քաղաքացիների համար ցավի, տագնապի եւ զայրույթի զգացողություններից բացի համատարած է անօգնականության եւ անտերության զգացողությունը: Ամբողջ երեք օր` հունվարի12-ից մինչեւ հունվարի 15-ը՝ զոհերի հուղարկավորությունն ու դրան հետեւած բախումները, ՀՀ քաղաքացիներն այդպես էլ չլսեցին ո՛չ երկրի աշխարհիկ, ո՛չ էլ հոգեւոր իշխանության ղեկավարների խոսքը: Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, բացի սելեկտորային խորհրդակցություն անցկացնելուց, այդպես էլ հարկ չհամարեց ուղերձով դիմել ՀՀ քաղաքացիներին, Գյումրու վիրավոր, ափերից դուրս եկած բնակիչներին եւ հավաստիացնել, որ ՀՀ իշխանությունները երաշխավորում են մարդասպան տականքի` Հայաստանում կայացվելիք ամենախիստ դատավճիռը:

Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը: Որքան էլ շատերի համար ոչ լեգիտիմ, այդուհանդերձ նա այսօր զբաղեցնում է ՀՀ նախագահի պաշտոնը եւ պարզապես պարտավոր էր խոսել ժողովրդի հետ: Ժամանակին Սաֆարովի արտահանձնման առիթով, երբ ամեն ինչ արդեն ավարտվել էր, նա հոխորտում էր, թե «հայ ժողովուրդը դա չի ներելու»: Գյումրիի դեպքերից հետո արդեն այդ խոսքերն ուղղված են լինելու Սերժ Սարգսյանին. հայ ժողովուրդը դա չի ներելու: Չի ներելու այդ աստիճան անթաքույց ստրկամտության համար, այդ աստիճան վախկոտության եւ «անթասիբության» համար, երբ նա անգամ համարձակություն չունեցավ վեց անմեղ զոհերի նահատակության կապակցությամբ սուգ հայտարարել:

Եվ այստեղ ամենեւին կարեւոր չեն ՀՀԿ-ականների այն մտացածին արդարացումները, թե Ս. Սարգսյանի լռությունը մեզ` հասարակ մահկանացուներիս համար ոչ հասու` ինչ-ինչ աշխարհաքաղաքական պատճառաբանություն ունի: Չկա նման բան, իսկ եթե կա էլ, ապա դա հերթական անգամ ցույց է տալիս այն, որ Ս. Սարգսյանն օր առաջ պետք է հեռանա, քանզի հենց նրա շնորհիվ է, որ մենք զրկվել ենք անգամ մեր վիշտը սգալու համարձակությունից:

Ս. Սարգսյանի «ավելի լավ Հայաստանում» ռուսահպատակությունն այնպիսի մակարդակի է հասել, որ հայ ոստիկանները կրծքով են պաշտպանում ռուսական դրոշը՝ փոխարենը ոտնատակ տալով մեր` հայկական դրոշը, ինչի ականատեսը եղանք ՌԴ դեսպանատան առաջ երեկ կազմակերպված ակցիայի ընթացքում: Իսկ համայն հայերի հոգեւոր առաջնորդն էլ, ով շտապում է ամեն պատեհ կամ անպատեհ առիթով շնորհավորական կամ ցավակցական հեռագրեր հղել ռուս ժողովրդին կամ, օրինակ, որեւէ ռուսական լրատվական գործակալության, մեր համազգային վշտի եւ տագնապի այս օրերին ձկան նման լուռ է: Ինչ է, կաթողիկոսի՞ն էլ պիտի ռուսները ճնշեին, եթե նա համարձակվեր ցավակցական ուղերձով դիմել իր հոտին: Վստահաբար` ոչ: Իրավիճակի ամբողջ ողբերգությունն այն է, որ մեր իշխանությունների` աշխարհիկ եւ հոգեւոր, ստրկամտությունը ոչ թե պարտադրված է, այլ ինքնաբուխ:




Լրահոս