«ԵՐԿՈՒ «ԱՆՆՈՐՄԱԼ» ՄԻ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՇԱՏ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Հովհաննես Դավթյանը, նույն ինքը՝ «Քաղաքում»-ի Մխոն, ով նախորդ տարի իր ներկայացման շրջանակներում քննում էր հայերիս անքնության պատճառները, այս տարի մտադիր է հանդես գալ նոր ներկայացմամբ, կրկին՝ stand up շոու-ծրագրի ձեւաչափով: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ վերջին շրջանում համացանցը «պայթեցրած» տեսանյութին, որում ինքը ամուսնության անակնկալ առաջարկություն է անում ընտրյալին: Դերասանը խոսել է իր խենթ քայլի եւ այլ թեմաների շուրջ:

-Հովհաննե՛ս, Դուք Ձեր ներկայացումների միջոցով նոր շունչ հաղորդեցիք հայաստանյան stand up շոու-ծրագրերին, ի՞նչ եք կարծում՝ այս ձեւաչափը մեր երկրում տարածում գտնելու միտում ունի՞:
-Այո՛, արդեն նկատում եմ անհատների ու խմբերի, որոնք հանդես են գալիս ակումբային ձեւաչափով: Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ իմ ներկայացրած ժանրը Հայաստանում զարգացած չէ կամ թերի է զարգացած: Շատ կուզենամ, որ ոլորտում առողջ մրցակցություն ձեւավորվի:
-Ձեր «Անքնություն» ներկայացման հիմքում դրված է արտագաղթի թեման: Այն դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ ինքներդ բախվել եք այդ խնդրին:
-Ամեն քաղաքացի էլ երբեմն ուրիշ երկիր մեկնելու, այնտեղ կարիերա անելու ցանկություն ունենում է: Ի կատար կածի նա դա, թե ոչ, կախված է հայրենասիրության չափից: Ինքս էլ, բազմիցս բախվելով անարդարության, սոցիալ-տնտեսական խնդիրների, հիասթափություններ ունեցել եմ, սակայն դրանց զուգահեռ սկսել եմ խնդիրները հաղթահարելու ուղիներ որոնել: Ներկայացումն այն մարդկանց համար է, ովքեր ուզում են փախչել մեր երկրից, բայց այնտեղ ասվում է, որ անկախ բոլոր դժվարություններից՝ պետք է մնալ հայրենիքում:
-«Քաղաքում» սերիալում Ձեր կերտած Մխոյի կերպարից, անշուշտ, շատ եք տարբերվում, այնուամենայնիվ, կա՞ «քյարթու»-ի մի հատկություն, որից չեք կարող «ձերբազատվել»:
-Դե, ես էլ հայ տղա եմ ու ինչքան էլ «քյարթու» չլինեմ, միեւնույնն է՝ կան հատկություններ, որոնք արյանս մեջ են: Դրանցից մեկն էլ առնչվում է կողակցին խանդելուն, որոշ հարցերում սահմանափակելուն: Քանի որ մեր երկրում ընդունված չափանիշները զգալի կերպով տարբերվում են աշխարհում ընդունված ստանդարտներից, տղաները ստիպված են լինում զգոնություն ցուցաբերել հատկապես այդ հարցում:
-Մի առիթով նշել էիք, որ չէիք ցանկանա՝ Ձեր կինը դերասանուհի լիներ, այնինչ, Ձեր ընտրյալը՝ Մառա Սարուխանյանը, խաղացել է սերիալում, փաստորեն, ինչից խուսափեցիք, Ձեր «գլխին եկավ»:
-Այո՛, ժամանակին ասել եմ նման բան, բայց մի բան էլ կա՝ իմ ընտրյալը, թեեւ իսկապես խաղացել է սերիալում, մասնագիտությամբ դերասանուհի չէ, տնտեսագետ է: Ինքս այն կարծիքին եմ մնում, որ դերասանությունը բարդ մասնագիտություն է, եւ տանից մեկը պետք է դրանով զբաղվի. երկու «աննորմալ» մի ընտանիքում շատ է:
-Հատկանշական է, որ Ձեր ընտրյալին ամուսնության անսպասելի առաջարկ արեցիք բեմից, մի խումբ մարդկանց, հանդիսատեսի ներկայությամբ եւ այն էլ՝ Ձեր 30-ամյակի օրը: Արդեն վախենո՞ւմ էիք Ձեր տարիքից: Նախկինում պատկերացրե՞լ էիք, որ երբեւէ կդիմեք նման խենթ քայլի:
-Երբեք չեմ պատկերացրել, որ նման քայլի կգնամ, իսկ այդ օրվան պատրաստվել էի երեք ամսում: Ինչ վերաբերում է տարիքիս, ապա դրանից չէի վախենում, պարզապես ես սովորություն ունեմ ամեն կարեւոր քայլ անել այնպես, որ այն հիշվի ողջ կյանքի ընթացքում: Մառան ուղղակի շոկի մեջ էր, մինչեւ հիմա էլ նա շատ հուզված է ու շոյված:
-Իսկ չե՞ք վախենում, որ ամուսնությունը կդառնա անքնության պատճառ:
-Ո՛չ (ծիծաղում է), կարծում եմ՝ հակառակը, այն խաղաղություն ու ներդաշնակություն կմտցնի մեր ընտանիք:
-2015 թվականից գործնական եւ անձնական կյանքին առնչվող ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Հիմա ներկայացման սցենար է գրվում, աշնանը նոր stand up շոու-ծրագիր է սպասվում, կուզենամ, որ այն հաջողությամբ պսակվի: Իսկ ինչ վերաբերում է անձնականին, շատ կցանկանանք, որ մեր ընտանիքը, Աստծո կամոք, համալրվի, բալիկ ունենանք…

 

 

 
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՍԵԼՖԻԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ

Օրերս մի խումբ հայ հայտնի հաղորդավարներ անխնա քննադատությունների արժանացան այն բանից հետո, երբ Facebook սոցցանցում հայտնվեց նրանց միասնական անչափ ուրախ սելֆին: Այս փաստը, բնականաբար, դժգոհության նման ալիք չէր բարձրացնի, եթե նկարը համացանցում չտեղադրվեր Գյումրու ողբերգական սպանությունների ֆոնին: Բանն այն է, որ չարաբաստիկ սելֆին համացանցում հայտնվեց հենց այն նույն օրը, երբ Ազատության հրապարակում կազմակերպվում էր մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի:

Սոցցանցի մի շարք օգտատերեր գրեցին, որ թեեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակում նույն օրը կայանալիք համերգը չեղյալ էր հայտարարվել, այնուամենայնիվ, քաղաքապետը հավաքել էր որոշ աստղերի եւ «խրախճանք» կազմակերպել:
«…Այն դեպքում, երբ հայտարարված էր մոմավառություն, հետաքրքիր է՝ ի՞նչ սրտով նրանք գնացին ու տժժացին»,-սոցցանցի իր էջում նկատել է գրող Արթուր Հայրապետյանը: «Երբ մեր հայրենիքում մի անմեղ ընտանիք են գնդակահարում, սրանք էս ինչ հրճվանք են ապրում»,-իր հերթին գրել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը՝ հավաքելով մեծ թվով հավանություններ:
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով եւս նկարվել էր սելֆիում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանի հավաքն ընդամենը տարվա ամփոփում-հանդիպում էր. «Այն սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի, այնտեղ երաժշտություն չի հնչել, ու ոչ ոք չի «տժժացել», պարզապես հարազատ մարդկանց տեսնելով՝ մի պահ ժպտացինք»,-մեկնաբանեց Լուսինեն՝ ստեղծված տհաճ իրավիճակի առիթով հայցելով բոլորի ներողամտությունը:
Իսկ, ահա, սելֆիի մեկ այլ հերոս, հաղորդավար Եգոր Գլումովը չի պատրաստվում ոչ ոքից ներողություն խնդրել. «Մեր երկրում այս պահին մտահոգվելու ավելի կարեւոր առիթներ կան, քան սա է»,-մեզ հետ զրույցում նկատեց նա:
Նկարվածներից մյուսն էլ՝ հաղորդավար Էրիկ Անթառանյանը, չի հասկանում, թե ինչի համար է սելֆիի շուրջ նման աղմուկ բարձրացել. «Ոմանք «խրախճանք» ու «խնջույք» բառերն օգտագործելով՝ դիվիդենտներ են հավաքում, ինչպես շատ հասարակական գործիչներ այս օրերին նույն բանը Գյումրիում անում են հռետորաբանության միջոցով»,-կարծիք հայտնեց նա:
Սելֆիի մասնակիցների մեկնաբանությունները կմեղմեն օգտատերերի ագրեսիան, թե ոչ, ցույց կտա ժամանակը, Լուսինե Բադալյանը, սակայն, վստահ է. «Սա էլ կանցնի…»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Հունվարի 14-ին, կյանքի 72-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո վախճանվել է ճանաչված դերասան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը:
Նրա մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
«Ժողովուրդը» ցավակցում է Ա. Հարությունյանի հարազատներին եւ ընկերներին:

 

ՋՈԼԻԻ ՖԻԼՄԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԷԿՐԱՆԻՆ
Հունվարի 15-ին Հայաստանի կինոթատրոններում էկրան կբարձրանա հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլիի երկրորդ ռեժիսորական աշխատանքը՝ «Անկոտրումը»: «Universal pictures» կինոստուդիայի արտադրանքը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա: Գլխավոր դերակատարը բրիտանացի Ջեյ Օ՝Քոնելն է, ով հանդիսատեսին հայտնի է «Սպարտացիներ.Կայսրության ծաղկումը» ֆիլմից:
«Անկոտրումը» պատմում է ամերիկյան հերոսի՝ Լուի Զամպերինիի մասին, ով 1936 թվականին ամառային օլիմպիական խաղերում ներկայացրել է ԱՄՆ-ն: Սակայն նրա գրանցած հաջողությունների շրջանը համընկել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ: 1943-ին Խաղաղ օվկիանոսում կործանիչի ռմբակոծումից հետո Լուի Զամպերինին եւ նրա երկու ընկերները գերի են ընկել ճապոնացիներին:
Ֆիլմը նկարահանվել է Ավստրալիայում 2013-2014 թվականներին:

 

ՍԻՐԱՎԵՊՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Արդեն տեւական ժամանակ է, ինչ միջազգային ԶԼՄ-ները շոշափում են աստղային զույգի՝ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի եւ մոդել Իրինա Շեյքի բաժանման թեման: Խոսակցություններն ավելի լայն թափ ստացան հատկապես այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը չներկայացավ Իրինայի՝ Մալդիվյան կղզիներում կազմակերպված ծննդյան տոնին, իսկ վերջերս էլ, առանց ընկերուհու մասնակցելով Ցյուրիխում ընթացած ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությանը, «Ոսկե գնդակը» ստանալուց հետո, իր շնորհակալական խոսքում անգամ չհիշատակեց մոդելի անունը:
Դա էլ բավական չէ, վերջերս էլ Իրինան հրաժարվեց Ռոնալդուի թվիթերյան էջի բաժանորդագրությունից: Արեւմտյան լրատվամիջոցները պնդում են, որ սա մի բան կարող է նշանակել. զույգը վերջ է դրել սիրային հարաբերություններին:
Ո՛չ Ռոնալդուն, ո՛չ Շեյքը դեռ չեն մեկնաբանել լուրը:




Լրահոս