ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՑ ԵՎ ԶՂՋԱՑ ԿԵՍ ԱՄԻՍ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեմեց Ռուբոն՝ նույն ինքը՝ Ռուբեն Հայրապետյանը, երեկ հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից՝ տարածելով մի սրտաճմլիկ հայտարարություն, թե «ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց»: Ինչո՞ւ նա այս խոսքերը չէր ասում միջադեպից անմիջապես հետո, չէ՞ որ Վահե Ավետյանն ավելի քան 10 օր գտնվում էր անգիտակից վիճակում, եւ հունիսի 29-ին կնքեց իր մահկանացուն: Ինչո՞ւ հրաժարական տվեց ոչ թե ծեծից կամ Վահե Ավետյանի մահից անմիջապես հետո, այլ մի քանի օր անց, այն էլ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում: Այսինքն՝ մոտ կես ամիս պահանջվեց, որ Ս. Սարգսյանն ու Ռ. Հայրապետյանը հասկանային՝ պետք է ներողություն խնդրել ու սգալ կատարվածի համար: Թեեւ շատերը դեռ կասկածում են, որ Հայրապետյանն ԱԺ կանոնակարգ օրենքով սահմանված կարգով 5 օր անց կպնդի հրաժարականը ու կհեռանա, քանի որ մեկ անգամ չէ, որ նա հետ է կանգնել իր որոշումներից: Ամեն դեպքում պատգամավորի քայլը հավատ չներշնչեց, եւ այսօր՝ ժամը 10:00-ին, ԱԺ-ի մոտ կրկին ակցիա է նախատեսված՝ ընդդեմ Հայրապետյանի: Տեսակետ կա, որ վայր դնելով պատգամավորի մանդատը, նա փորձում է փրկել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկվա մեր թերթում հրապարակված լուրը, թե Հայրապետյանի թիկնապահը 81 համարի երթուղայինի վարորդին դաժան ծեծի է ենթարկել, հունից հանել է Սերժ Սարգսյանին: ՀՀԿ առաջնորդը զայրացել է Հայրապետյանի վրա եւ ասել. «Ռուբի՛կ, համը դուրս է եկել: Այլեւս քո անունը ծեծուջարդի ֆոնին ես չլսեմ»: 




Լրահոս