ՄԱՔՍԱՅԻՆ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե երկրաչափական պրոգրեսիայով  աճում է տեղեկատվությունը այն մասին, որ Հայաստանի տարբեր  բնակավայրերում  բունտ բարձրացնելու ցանկություն  ունեն վրացական  համարանիշներով  մեքենաներ վարող Հայաստանի քաղաքացիները: Վարորդների  դժգոհության դեպքեր արդեն արձանագրվել են Գյումրիում, Վանաձորում եւ Նոյեմբերյանում: Սպասվում է, որ առաջիկայում իրենց մտադրության մասին կբարձրաձայնեն նաեւ Հայաստանի հյուսիսային մյուս բնակավայրերի քաղաքացիները: Սույն թվականի փետրվարի  5-ից ուժի մեջ մտավ «Մաքսային օրենսգրքում» հերթական փոփոխությունը, որով արգելվեց մեքենաների ժամանակավոր ներմուծումը Հայաստան: Ներկայումս, կոնկրետ վրացական պետհամարանիշներով, մեր երկրում առկա է 15 հազար ավտոմեքենա: Նրանք  ստիպված են հաշված  օրերի ընթացքում մի քանի հազարական դոլար  հայթայթել` մեքենան մաքսազերծելու համար: Եթե չհասցնեն, ստիպված կլինեն տուգանք վճարել (օրական 100 հազար դրամ): Իսկ դա նշանակում է, որ մարդիկ, եթե անգամ իրենց սեփական մեքենան նվիրեն մաքսային ծառայությանը, միեւնույն է պարտք կմնան պետությանը: Ի՞նչ  է ասում Կառավարությունը. կարող էինք օրենքը գործածության մեջ դնել հունվարի 1-ից, բայց «մեծահոգաբար»  մեկ ամիս հետաձգել ենք, լուծում ենք բյուջեի, օրինականության եւ հավասարության ապահովման խնդիր: Եւ վերջապես, Հայաստանը վերածվում է հին ավտոմեքենաների գերեզմանոցի: Օրինականության եւ հավասարության մասին կառավարության  «մտահոգությունը» կառաջացնի եփած հավի ծիծաղը  եւ մյուս կողմից վարորդների արձագանքը, որը հայտնի պատճառներով չի կարելի տպագրել մամուլում: Երեկ ՊԵԿ-ի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը «News.am»-ին տված հարցազրույցում նշել է, թե ներմուծվող մեքենան մաքսազերծվում է «Մաքսային օրենսգրքի»  87-րդ հոդվածի հիման վրա, եթե ներմուծողը  կկարողանա ներկայացնել բավարար հիմքեր ինվոյսային արժեքի իսկության վերաբերյալ: Բոլոր նրանք, ովքեր գեթ մեկ անգամ հարաբերվել են մաքսային ծառայության հետ, կվկայեն, որ հաշիվ- ապրանքագիրը (ինվոյս) անկախ նրա ճշմարտացիությունից, նետվում է մի կողմ, եթե հսկիչ  գինը ավելի բարձր է:  Ինվոյսը հաշվի է առնվում  միայն,  եթե նրանում ապրանքի գինը նշված է ավելի բարձր: Այդ ժամանակ էլ հսկիչ գինն  է «նետվում» մի կողմ:  Կա եւս մի խնդիր. ՊԵԿ-ը հրաժարվում է հրապարակել մեքենաների հսկիչ գինը: Պատճառաբանում են, թե իբր դա սխալ պրակտիկա էր`  հաշվի առնելով  մեքենաների վնասվածությունը, ներսի վիճակը` հագեցվածությունը եւ այլն: Սակայն բոլորը գիտեն, թե ինչպիսի հնարամտությամբ կարող են մաքսային  սպասավորները նկատել կամ չնկատելու տալ «մանրուքները»:  Կոռուպցիոն ռիսկը այստեղ  ավելի շատ է, քան այն դեպքում, երբ որեւէ ավտոմեքենա կարող է ներմուծվել ասենք բարձրակարգ անվահեծերով` չվճարելով դրա համար  լրացուցիչ գումար: ՊԵԿ-ը պատճառաբանում է նաեւ, որ հսկիչ գները բարձր չեն, այլ համապատասխանում են շուկայական գներին:  Ինչպես բացատրես, որ շուկայական  գինը ձեւավորվում է նաեւ  մաքսազերծման գինը հաշվի առնելով: Ի՞նչու նույն մեքենան հարեւան Վրաստանում արժի 40-ից  50 տոկոս էժան: Միգուցե մենք  նրանցից շատ ավելի լա՞վ ենք ապրում, դրա համար էլ մեր մոտ գներն ավելի թանկ են: Պարզվում է` մի պետության բյուջե, որն ի վիճակի է հոգալ խոշոր բիզնեսների խնդիրները` վճարելով միլիարդավոր դրամներ` դոտացիայի տեսքով, չի կարող չխանգարել եւ մինչեւ վերջին կոպեկը չքամել այն շարքային քաղաքացիներին, ովքեր իրենց օրվա հացը վաստակում էին Վրաստանի հետ առեւտուր անելու միջոցով: Չուզողություն:    ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ




Լրահոս