ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ
Հունիսի 14-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը հնչեցրել է իր մեղադրական ճառը ՀԱԿ 4 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով` նշելով, որ առաջադրված մեղադրանքները հիմնավորված են: Դատախազն Առաքելյանի համար 6 տարվա ազատազրկում է պահանջել, Կարապետյանի համար՝ 3 տարի 5 ամիս 19 օրվա ազատազրկում, Գեւորգյանի համար՝ 1 տարի 11 ամիս 20 օր (10 օրն անցկացրել է անազատության մեջ): Դ. Քիրամիջյանի համար դատախազը 2 տարի պայմանական ազատազրկում է պահանջել: Դավիթը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Համաձայն չեմ այդ ճառի հետ, սարքովի բան էր: Նա փորձեց տպավորություն ստեղծել, որ անհատական մոտեցում է ցուցաբերել մեր նկատմամբ: Դրանով հավանաբար ուզում էր ասել, որ իրենք արդար համակարգից են»:
ՓԱՌԱՊԱՆԾ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
ՀՀ կառավարության 17 տղամարդ անդամներից միայն 3-ն են մեկնել ժամկետային ծառայության, 5-ը` զինապարտ են, 9-ը չեն ծառայել բանակում: Հատկանշական է, որ հինգ նորանշանակ նախարարները չեն մեկնել ժամկետային ծառայության, նրանք զինապարտ են: Այսպես, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի կենսագրություններում ԶՈՒ-ում ծառայելու մասին տվյալներ, տարեթվեր նշված չեն, փոխարենը բոլորի մոտ գրված է` «Զինապարտ է»: Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը եւս զինապարտ է, լեյտենանտ:
NEWS.am-ը հիշեցնում է, որ կառավարությունը շարունակում է ղեկավարել վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն ունի պահեստի սպայի զինվորական կոչում: Ահա չծառայած նախարարների շարքը. տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյան, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյան, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյան, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան: Երիցյանը ծառայել է ՆԳՆ-ում, որը եւս համարվում է ծառայություն:
Զինված ուժերում ծառայած նախարարներն են՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն:
ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
NEWS.am-ի տեղեկություններով՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունն այս շաբաթվա ընթացքում գործադիր մարմնի նիստ կհրավիրի, որի ընթացքում կքննարկվեն ընթացիկ աշխատանքային հարցեր: ՀՀԿ կենտրոնական գրասենյակում վերանորոգման աշխատանքների պատճառով նիստը կկայանա ՀՀԿ Կենտրոնի գրասենյակներից մեկում:
ԳՈՀ ԵՆ
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրին ընդհանուր առմամբ գոհ է մրցույթի արդյունքներից: Այդ մասին հայտարարել է «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր եւ տնօրեն Հարություն Խաչատրյանը հուլիսի 15-ին Երեւանում կայացած ամփոփիչ ասուլիսում: Նշենք, որ «Ոսկե ծիրան»-ը մեկնարկել էր հուլիսի 8-ին:
ՆՈՐ ՍՐՃԱՐԱՆ
Աբովյան 19 հասցեում նոր սրճարանի կառուցմանը դեմ հանդես եկող բնապահպան ակտիվիստները երեկ՝ երեկոյան, հեռանալով տարածքից, թողել են «Տարոն Մարգարյան սիրուն չի», «Հանրային տարածքի զավթում» գրություններով պաստառներ։
ԷԼԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի լիազորությունների եռամյա ժամկետը լրանալու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հաջորդ ժամկետի համար խորհրդի կազմավորման գործընթաց:
ՄԱՀԱՑԵԼ Է
Հուլիսի 15-ին մահացել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հայրը` Բեգլար Բեգլարյանը: «Ժողովուրդ» օրաթերթը ցավակցում է պարոն Բեգլարյանին եւ նրա ընտանիքի անդամներին: