ՀԱԿ-ի 4 ակտիվիստները դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայ ազգային կոնգրես”-ի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց 6 տարի ազատազրկման: Այս մասին այսօր վճիռը կարդաց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը: Մյուս ամբաստանյալները` ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը և Արտակ Գևորգյանը դատապարտվեցին 2-3 տարի ազատազրկման: Վերջիններս կալանքի տակ կվերցվեն վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
Այս պահին դատարանի առջև ՀԱԿ ակտիվիստներն անցկացնում են բողոքի ակցիա: Դատական նիստին ներկա էին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Արամ Մանուկյանը:
Մինչ այդ, հուլիսի 19-ի դատական նիստում, ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդեց իր 4 պաշտպանյալներին անմեղ ճանաչել՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին: Հետագայում Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների, նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Ս. Գևորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք:




Լրահոս