Դրամը կորցրել է ավանդատուների վստահությունը. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Հայաստանի արժութային շուկայի վերջին զարգացումները նվազեցրել են հասարակության վստահությունը ազգային արժույթի նկատմամբ

Դա նկատելի է հատկապես առեւտրային բանկերում պահվող խնայողությունների դեպքում։ Չնայած առաջարկվող շատ ավելի բարենպաստ պայմաններին, այնուհանդերձ ավանդատուների մի մասը գերադասել է դրամային խնայողությունները վերափոխել տարադրամայինի։ Մի բան, որ հանգեցրել է դոլարացման մակարդակի հետագա խորացմանը։

Տարեվերջին արժութային շուկայի դրսեւորումները եւ դրամի արժեզրկումը բացասաբար են անդրադարձել ազգային արժույթով բանկերում պահվող խնայողությունների վրա։ Դրամային ավանդները զգալիորեն նվազել են։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ գերազանցեց 14 տոկոսը։

Թեեւ արժութային շուկայում տարեսկզբին նկատվում է լարվածության թուլացում, այնուհանդերձ ենթադրվում է, որ այդ միտումը կշարունակվի նաեւ առաջիկայում։ Դա կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել արժութային շուկայի երկարատեւ կայունությունը, եւ չեն վերացել ազգային արժույթի թուլացման հետ կապված բացասական սպասումները։

Միայն անցած տարվա դեկտեմբերին բնակչության դրամային ավանդները կրճատվել են 6,7 մլրդ դրամով։ Սակայն դրսեւորումները դրանով չեն սահմանափակվել։
Ազգային արժույթով բանկերում ավանդադրված գումարները կրճատման միտում սկսեցին ցուցաբերել տարվա վերջին երեք ամիսներին։ Այսինքն՝ այն շրջանում, երբ արժութային շուկայում մեծացավ տարադրամային ճնշումը։

Երեւույթը գնալով խորացավ նոյեմբերին եւ իր գագաթնակետին հասավ դեկտեմբերի սկզբին, երբ ֆինանսական ամբողջ համակարգը հայտնվեց քաոսային իրավիճակում։
Ինչպես սովորաբար լինում է, արժութային շուկայի այս դրսեւորումները չէին կարող ազդեցություն չունենալ բանկերում խնայողություն ունեցողների վարքագծի վրա։ Հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով ավանդատուների մի մասը շտապեց դրամային ավանդները վերափոխել տարադրամի։ Մի բան, որ անշուշտ մեծացրեց տարադրամի պահանջարկը՝ խորացնելով արժութային շուկայի ճնշումը»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս