“Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ը յուրաքանչյուր տարի որոշակի չափով գումար է փոխանցում Սեւանի քաղաքապետարան, որպեսզի կանաչապատում եւ ծառատունկ իրականացվի: Սակայն քաղաքը շարունակում է մնալ գորշ, եւ կանաչ տարածքները որեւէ կերպ չեն ավելանում:
Ի՞նչ ճակատագիր են ունենում այդ գումարները: “Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց. “Ես իմ պարտականությունները մարդավարի կատարում եմ: Դիմե՛ք հիմնարկի հաշվապահին, նա էլ Ձեր հարցերին պատասխան կտա”:
“”Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության 14/38 որոշումով համայնքներին փոխանցում է փաստացի գանձված վարձավճարների 30 տոկոսը: Մեր տարածքում 33 համայնք է. ամեն մարդու իրեն հասանելիքի չափով փոխանցում ենք: Այդ վարձավճարները գանձվում են Սեւան համայնքի վարչական սահմանում գտնվող վարձակալներից: Սեւանա լճի ափերի այդ հողերը պետական սեփականություն են, բայց մեր հաշվեկշռում են գրանցված”,-տեղեկացրեց ՊՈԱԿ-ի հաշվապահ Ժորա Ղարիբյանը:
Նրա պարզաբանմամբ՝ գանձված վարձավճարներից Սեւանի քաղաքապետարանին 2012-ի սկզբից մինչ օրս փոխանցվել է 8 մլն դրամ. “Հիմա՝ այս պահի դրությամբ, այդքան գումարը վճարել ենք Սեւանի քաղաքապետարանին: Իսկ թե ինչ նպատակով են օգտագործում այդ գումարները, չեմ կարող ասելե: Հավելենք, որ 2011-ի տվյալներով՝ Սեւանի քաղաքապետարանին փոխանցվել է մոտավորապես 12.5 մլն դրամ:
Իսկ որտե՞ղ են ծախսվում այդ գումարները, ինչո՞ւ արդյունք չկա: Այս հարցերի պատասխանը ստանալու համար ,Ժողովուրդե-ը զրուցեց Սեւանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պատասխանատու Էդիկ Ղազարյանի հետ: “Բյուջեն իր սովորական եկամուտների նման ծախսում է: Նպատակային բան չկա: Կարող է ե՛ւ բարեկարգման համար ծառայի, ե՛ւ աշխատավարձի: Մի խոսքով, ամեն ինչի համար է: Իսկ կանաչապատման եւ ծառատունկի համար առանձնացված բան չկա: Դրանց համար բյուջեով ամեն տարի նախատեսվում է գումարի որոշակի չափ, եւ դրանով իրականացվում է կանաչապատումը”,-հայտնեց Է. Ղազարյանը:
Այսպիսով՝ Սեւանի քաղաքապետարանը պնդում է, որ իրենք “Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ից գումար են ստանում ոչ թե հատուկ կանաչապատման համար, այլ “սովորականի նման”: Իսկ կանաչապատման համար այլ, “որոշակի չափի” գումար է հատկացվում քաղաքապետարանին: Երկու դեպքում էլ ստացվում է, որ քաղաքը պետք է կանաչապատ ու բարեկարգ լինի, քանի որ գումար ստանում է, սակայն արդյունքը որեւէ կերպ չի երեւում: Ու այսպիսին է պատկերը Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ