Երեկ` հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19.30-ի սահմաններում Ավստրալիական մանկական հիվանդանոցից Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն հայտնել են, որ մարմնական վնասվածքներով Մայիսյան գյուղից իրենց մոտ է տեղափոխվել հինգ հոգի:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գևորգ Դավթյանի գլխավորությամբ: Հիվանդանոց է մեկնել նաև Ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 18.30-ի սահմաններում, Հացիկավան գյուղի բնակիչ, 24-ամյա Վրեժ Մկրտչյանը, վարելով ,ԳԱԶ 2417ե մակնիշի 45 ՍԼ 235 համարանիշի ավտոմեքենան, Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով Գյումրու Ավստրալիական մանկական հիվանդանոց են տեղափոխվել հետևյալ ուղևորները.
1. 12-ամյա Անուշիկ Կարապետյանը (Մայիսյան գյուղի բնակիչ),
2. 7-ամյա Ելենա Մարտիրոսյանը (Մայիսյան գյուղի բնակիչ),
3. 4-ամյա Հայկ Մարտիրոսյանը (Մայիսյան գյուղի բնակիչ),
4. 12-ամյա Սուսաննա Մարտիրոսյանը (Մայիսյան գյուղի բնակիչ),
5. 8-ամյա Արմենակ Մարտիրոսյանը (Գյումրի քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ):
Փաստի առթիվ Ոստիկանության Ախուրյանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: