Գագիկ Ծառուկյանը պատրաստ է իրավիճակից բխող ցանկացած որոշման. Գառնիկ Իսագուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի զրուցակիցն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Նա մեզ հետ զրույցում խոսել է փետրվարի 5-ին կայացած ԲՀԿ խորհրդաժողովի և վերջինիս գրանցած արդյունքների մասին:

– ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովից հետո տարբեր կարծիքներ են հնչել՝ թե՛ բացասական, թե՛ դրական: Շատերը նշում են, թե իրենց սպասելիքները չեն արդարացել: Ձեզ մոտ ի՞նչ տպավորություն է համաժողովից հետո, Ձեր սպասելիքներն արդարացե՞լ են:

– Թե ով ինչ սպասելիքներ է ունեցել, անկեղծ ասած, ես չգիտեմ, քանզի գտնում եմ, որ խորհրդաժողովի ընթացքում բոլորին հնարավորություն է տրվել արտահայտելու իրենց տեսակետները ստեղծված իրավիճակի վերաբերյալ և մատնանշելու դրանցից դուրս գալու ուղիները:

Այնպես որ, յուրաքանչյուր ոք ինքն էր պարտավոր իր տեսակետների ու սպասելիքների մասին զեկուցել խորհրդաժողովին: Իսկ ընդհանուր առմամբ՝ խորհրդաժողովն իր խնդիրը պատշաճ կարգով կատարեց, հնչեցին տարբեր ելույթներ` թե՛ էմոցիոնալ, թե՛ ծրագրային, և դրանք բոլորն իրենց արտացոլումը կստանան խորհրդաժողովի վերջնական փաստաթղթի մեջ: Կոնկրետ իմ սպասելիքների մասին կարող եմ ասել հստակ, որ դրանք ամբողջությամբ արդարացան, և ես վստահ եմ, որ այն, ինչ որոշվեց խորհրդաժողովի ժամանակ, շուտով իր արտացոլումը կունենա Հայաստանի ներքաղաքական կյանքում:

– Պարոն Ծառուկյանի ելույթի մասին ի՞նչ կարող եք ասել: Ըստ Ձեզ՝ նա մինչև ո՞ւր է պատրաստ գնալ և ինչ է պատրաստ անել:

– Պարոն Ծառուկյանի ելույթն իր մեջ ներառում էր ներկա սոցիալ-տնտեսական, ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներին վերաբերող առկա վիճակի գնահատականը և դրանից միասնաբար դուրս գալու հնարավոր ուղիները: Հստակ մատնանշված էր տնտեսական ու քաղաքական մենաշնորհների անթույլատրելիությունը, չհիմնավորված Սահմանադրական փոփոխությունների գնալու իշխանությունների անհասկանալի մոլուցքը, որի հետևանքները կարող են լինել ներքաղաքական լուրջ ցնցումներ:

Պարոն Ծառուկյանը պատրաստ է իրավիճակից բխող և խելամիտ ցանկացած որոշման, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում առկա խնդիրների լուծմանը, որի համար պատրաստակամ է անել իրենից կախված ամեն ինչ:

– Համաժողովից հետո քայլերի հստակ ծրագիր տեսնո՞ւմ եք: Նշմարվո՞ւմ է արդյոք ճանապարհային քարտեզ:

– Խորհրդաժողովից հետո ընդունվել է փաստաթուղթ, որը, ըստ էության, հետագա գործողությունների ժամանակացույցն է և ճանապարհային քարտեզը:

-Իսկ իշխանության փոփոխություն ե՞րբ եք սպասում՝ հերթական ընտրությունների ժամանա՞կ, թե՞ արտահերթ:

– Իշխանափոխություն կարող է տեղի ունենալ ցանկացած պահի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ժողովրդի համբերության բաժակն այլևս լցված է, իսկ իշխանությունները սպառել են իրենց բոլոր հնարավորությունները երկիրը կառավարելու գործում: Ընդ որում, անչափ կարևոր է, որ իշխանությունները, այս հանգամանքը գիտակցելով, հենց իրենք գնան խաղաղ իշխանափոխության, այն է` կազմակերպեն արտահերթ ընտրություններ` ժողովրդին հնարավորություն տալով ազատ կամարտահայտման միջոցով ձևավորել նոր իշխանություններ: Հակառակ պարագայում՝ չի բացառվում՝ յուրաքանչյուր պահի սկսի ժողովրդական հուզումների մեծ ալիք, որը վերջնահաշվում կհանգեցնի իշխանափոխության:

– Դուք շարունակելո՞ւ եք Ձեր համագործակցությունը Համաժողովրդական շարժման հետ, և ի՞նչ եք սպասում հետագայում:

– Մենք շատ սերտ համագործակցում ենք Համաժողովրդական շարժման հետ և վստահ ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք Համաժողովրդական շարժումը դրել է իր առջև, լուծելու է:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս