Հրապարակ. Լավ չէր աշխատում, դրա համար էլ ազատել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական պատգամավոր, Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի կնոջը՝ Թամարա Գևորգյանին, երեկ ազատել են Թալինի հիվանդանոցի տնօրենի պաշտոնից։ Մի քանի տարի առաջ էլ էին նրան ազատել պաշտոնից՝ չարաշահումների համար, հետագայում, Սարգիս Սահակյանի նշանակվելուց հետո, նա վերականգնվեց իր աշխատանքում։ Իսկ երեկ նրան նորից են ազատել աշխատանքից, բնականաբար՝ քաղաքական հողի վրա, քանի որ Թալինի քաղաքապետի ընտրություններում մարզպետի ու Մնացականյանի շահերը բախվել են. նրանք տարբեր թեկնածուների են պաշտպանում։

Տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատեց նաև Մնացական Մնացականյանը։ «Ազատումն արդյո՞ք քաղաքական աստառ ունի, հաշվի առնելով օգոստոսի 5-ին Թալին քաղաքում սպասվող քաղաքապետի ընտրություններին Մնացական Մնացականյանի դիրքորոշումը» հարցին ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ոչ, նման բան չի կարելի ասել։ Լավ չէր աշխատում, դրա համար էլ ազատել են»։ Թերթը հիշեցնում է, որ Թալինի քաղաքապետի ընտրություններում Մնացական Մնացականյանը որոշել է պաշտպանել ոչ թե ՀՀԿ թեկնածու Սարգիս Արամյանին, այլ իր նախկին ենթակային՝ Թալինի փոխքաղաքապետ Վորոշ Խաչատրյանին։ Ասում են՝ Մնացական Մնացականյանը նույնիսկ կուսակցությանը դեմ գնալու գնով ամեն ինչ անելու է Թալինում իր իշխանությունը պահելու համար։




Լրահոս