Գագիկ Ծառուկյանին կստիպե՞ն գնալ Վանո Սիրադեղյանի ճանապարհով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատմության ընթացքում միայն մեկ անգամ են պատգամավորի լիազորությունները դադարեցվել նիստերին բացակայելու պատճառով: Դա եղել է 2001թ. հոկտեմբերի 9-ին, երբ դադարեցվեցին Վանո Սիրադեղյանի լիազորությունները: Նա Հայաստանից անհետացել էր 2000թ.-ին, իսկ լիազորությունները դադարեցվել էին 2001-ին:

Նշենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սուր ելույթից հետո ՀՀԿ-ականները բարձրացրեցին նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը:

«2013-2014թթ. ՀՀ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Եթե նա այդ աստիճանի արհամարհում է իր ընտրողներին եւ Ազգային ժողովի դերը, մենք դրա իրավունքը չունենք. մենք պատասխանատու ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների համար: Մեր պատգամավորները վաղվանից կնախաձեռնեն նման անհեթեթ վիճակին վերջ տալու համար անհրաժեշտ քայլերը», – նշել էր Սերժ Սարգսյանը:

Ազգային ժողովի  5-րդ գումարման խորհրդարանի 6-րդ նստաշրջանի ընթացքում Գագիկ Ծառուկյանը որևէ նիստի չի մասնակցել, հետևաբար ո՛չ քվեարկությունների է մասնակցել, ո՛չ էլ որևէ հարց բարձրացրել: Armlur.am-ն արդեն գրել էր, որ ամենաշատ բացակայած պատգամավորների թվում առհասարակ ԲՀԿ-ականները շատ են:

ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է, որ պատգամավորի լիազորությունների դադարեցման համար բավական է ԱԺ 1 նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելը: Սակայն դրանք հարգելի կամ անհարգելի է համարում ԱԺ նախագահը:

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն արդեն  հանձնարարել է ուսումնասիրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանի բացակայությունները:




Լրահոս