Հատկապես Բերձորի խայտառակ ծեծից հետո քաղաքական դաշտում չեն դադարում պնդումներն առ այն, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը «վատ շրջապատ» է ընկել, եւ Արցախի ոստիկանների կողմից իրականացված ծեծը մեծ ական էր, որ դրվեց ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի տակ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց Ժիրայր Սէֆիլյանից, թե նա որքանո՞վ է վստահում իր շրջապատին, մասնավորապես՝ Գարեգին Չուքասզյանին, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք եղել է ՀՀ Կառավարությունում տեղեկատվության վարչության պետ, եւ Կարո Եղնուկյանին, որը նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանի «Սիվիլնեթի» կայացման գործում դերակատարում է ունեցել: Ինչպես հայտնի է՝ «Սիվիլնեթը» ԱԱԾ-ի կողմից մեղադրվում էր դրսի «փողերը լվանալու» մեջ: Ի դեպ, Եղնուկյանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի թիմում էր մի կարճ ժամանակահատված: «Գարեգին Չուքասզյանի վրա հարձակումը ես հասկանում եմ, թե ինչի համար է, որովհետեւ վերջապես հայտնվել է մի մարդ, որի ինտելեկտից շատերը սարսափում են: Ես ուրախ եմ, որ Չուքասզյանի նման պայքարի ընկեր ունենք մեր կողքին ու մենք անշուշտ վստահում ենք»- պատասխանեց Ժիրայր Սէֆիլյանը: Իսկ ինչ վերաբերում է Կարո Եղնուկյանին, ապա նրան եւս Սէֆիլյանը չվստահելու հիմքեր չունի: «Ես նոր եմ դա լսում, բայց այնտեղ մի քանի տասնյակ մարդ կա: Գիտեք՝ մենք կառավարման ղեկը սրանց ձեռքից խլելու ենք, բնականաբար, այդ սեւ PR-ը պետք է լինի, ամեն ստոր քայլի դիմելու են մեր թիմի իմիջը աղավաղելու համար: Թող փաստերով խոսեն, եթե մեր խմբի մեջ որեւէ հանցագործ գոյություն ունի, կամ որեւէ մարդ գոյություն ունի՝ մեր ժողովրդի նկատմամբ վատ բան է կատարել, ամբողջ կյանքի ընթացքում թող ապացուցեն»,- հայտարարեց Սէֆիլյանը:
Փետրվարի 7-ին Երեւանի Տոլստոյի փողոցից առեւանգված եւ դաժան ծեծի ենթարկված ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի ծեծի գործով հետաքրքիր վարկածներ են պտտվում քննչական մարմիններում: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ դրանցից մեկի համաձայն՝ ծեծի կազմակերպման մեջ իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը համարվում է Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը: Որպես վարկածի հիմնավորում նշվում է, թե Մանուկյանը մի շրջապատում, խոսելով Արտակին առեւանգող ավտոմեքենայի համարանիշների մասին, ասել է, թե՝ համար չի երեւացել, համար չկա: Մինչդեռ առեւանգվածի եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը, տեսանյութ է փոխանցել ոստիկաններին, որտեղ հստակ երեւում են ավտոմեքենայի համարանիշները: Այս առիթով էլ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ կերպով պարզել են, որ առեւանգող ավտոմեքենայի համարանիշները կեղծ են եղել:
Փետրվարի 10-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կրակել է իր ծառայակից ընկերը: Իսկ թե ինչն է եղել ավագ լեյտենանտին կրակելու պատճառը, արդյո՞ք պատահականություն է, թե՞ կանխամտածված սպանություն, դեռ պարզ չէ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Տիգրանի ուղղությամբ կրակոց արձակած նրա ծառայակից ընկերը հոգեբանական ծանր վիճակում է: Թե ինչ կպարզվի, դժվար է ասել, բայց փաստ է, որ այս գործով զինծառայողի ձերբակալումը չի ուշանա: Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում առայժմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` (ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը): Հավանաբար, կառաջադրվի նաեւ սպանության մեղադրանքը:
Հայաստանը, պարզվում է, բիաթլոնի ազգային հավաքական ունի: Այս հանգամանքը զարմանալի չէր լինի, եթե ձմեռային սպորտաձեւերի օլիմպիադաներին եւ աշխարհի առաջնություններին Հայաստանն ինչ-որ կերպ ներկայացված լիներ: Սովորաբար օլիմպիադաներին Հայաստանը ներկայանում է մեկ կամ երկու մարզիկով, որոնց, որպես կանոն, ուղեկցում են երկու եւ ավել տասնյակից բաղկացած պատվիրակութան անդամները: Բիաթլոնի ազգային հավաքականի գոյության մասին իմացանք, որովհետեւ ՀՀ Կառավարության՝ այսօր կայանալիք նիստի օրակարգում ներառված է 1993-ին ծնված Գեորգի Վլադիմիրի Խաչատուրովին պարտադիր զինվորական ծառայությունից մինչեւ 2017 թվականը տարկետում տալու մասին հարցը: Ըստ նախագծի հիմնավորման՝ Խաչատուրովին անհրաժեշտ է տարկետում տալ, որպեսզի նա Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին հանդես գա ՀՀ դրոշի ներքո: Հուսանք, որ հանդես գալուց բացի՝ գոնե ինչ-որ արդյունք կարձանագրենք, այլ ոչ թե կունենանք հայոց բանակից հերթական «փախուստի» մասին որոշումը:
ԵՎ,ԵՎ-Ի ԲԱՅՑ,ԲԱՅՑ-Ը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հանդես է եկել ՀՀ-ի հետ հարաբերությունները բարելավելու հերթական երեսպաշտական կոչով: Կոլումբիա կատարած այցելության ընթացքում նա հայտարարել է. «Մենք ջանքեր թափեցինք՝ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ եւ նոր էջ բացելու, բայց, ցավոք, խաղաղության մեր ձեռքը միշտ մերժվում է հայկական ազդեցիկ սփյուռքի կողմից»: Ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում թուրքական դիվանագիտությունը հայ-թուրքական հարաբերությունների հարցում ամեն կերպ շեշտը դնում է պաշտոնական Երեւանի եւ հայկական սփյուռքի դիրքորոշումների միջեւ առկա սկզբունքային տարբերությունների վրա: Այս խաղաթուղթը գործարկվում է բոլոր մակարդակներում, եւ, բնականաբար, ունենում է ոչ հայանպաստ ներգործություն:
Իսկ Թուրքիայի հարցում ՀՀ-ի եւ սփյուռքի մոտեցումների տարբերությունն առավել ցցուն կերպով ամրագրվեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում, որից ծնունդ առած տխրահռչակ հայ-թուրքական արձանագրություններում որոշակիորեն կասկածի տակ էր առնվում ցեղասպանության փաստը, ինչպես նաեւ երաշխավորվում էր Թուրքիայի ներկայիս սահմանների անխախտությունը: Բնականաբար, սփյուռքը չէր կարող կողմ լինել նման մոտեցումներին, առավել եւս, որ տվյալ դեպքում առաջնային ազդակիրը հենց ինքն էր:
Ի վերջո, կանգնելով չհաշվարկված այս նախաձեռնության ձախողման փաստի առաջ` Ս. Սարգսյանը ստիպված եղավ 100-րդ տարելիցին ընդառաջ գնալ համահայկական հռչակագրի ընդունմանը, որում, բացի ցեղասպանության ճանաչումը, ամրագրված են նաեւ փոխհատուցման գործընթացի հետ կապված պահանջատիրական մոտեցումներ: Ս. Սարգսյանի այս վերանայումը, սակայն, ոչ միայն ուշացած է, այլեւ ոչ լիարժեք, քանի որ հնարավոր չէ պահանջատեր լինել մի բանի նկատմամբ, որի գոյությունը ավելի կանխավ կասկածի տակ է դրվել: Եվ այս առումով միանգամայն իրավացի է նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանը, որը մատնանշում է Համահայկական հռչակագրում եւ դեռեւս ՀՀ ստորագրությունը կրող եւ ՀՀ ԱԺ օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրություններում առկա հակասությունները: «Մի կողմից Հայաստանը ուժի մեջ է թողնում արձանագրությունների՝ «պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն» իրականացնելու նպատակով ենթահանձնաժողով ստեղծելու մասին, ինչպես նաեւ «երկու երկրների միջեւ գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը» դրույթները: Մյուս կողմից՝ հռչակագրում շեշտադրում է «Սեւրի հաշտության պայմանագրի եւ Վ. Վիլսոնի Իրավարար վճռի դերը ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում»,- մատնանշում է Օսկանյանը:
Փաստորեն, Ս. Սարգսյանը «եւ, եւ»-ի սկզբունքով է առաջնորդվում ՀՀ բոլոր արտաքին խնդիրներում, ինչի արդյունքում Հայաստանը կորուստներ է ունենում ե՛ւ մեկ, ե՛ւ մյուս կողմից: