Հայաստանի արտգործնախարարն այցելեց Ավստրալիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 12-13-ը տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ավստրալիա: Օգոստոսի 13-ին Կանբերայում կայացան Էդվարդ Նալբանդյանի եւ Ավստրալիայի ԱԳ նախարար Բոբ Կարի բանակցությունները:
Ողջունելով հայաստանյան իր պաշտոնակցին՝ Ավստրալիայի ԱԳ նախարարն ասաց, որ այս այցելությունը լավ հնարավորություն է ընձեռում նոր բովանդակություն հաղորդելու երկկողմ հարաբերություններին եւ ինքը տրամադրված է գործուն քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: “Առանձնահատուկ ջերմություն կա մեր երկրների միջեւ, որը ձեւավորվել է Ավստրալիայում հաստատված եւ մեր երկրի զարգացմանը իրենց նշանակալի ներդրումը բերած հայերի շնորհիվ: Մենք ակնկալում ենք ակտիվորեն խորացնել ապագային միտված մեր հարաբերությունները”,-շեշտեց Ավստրալիայի ԱԳ նախարարը:
Շնորհակալություն հայտնելով Ավստրալիա հրավերի ու ջերմ ընդունելության համար եւ ընդգծելով, որ վերջին տարիներին կայացել է Հայաստանի եւ Ավստրալիայի արտգործնախարարների շուրջ տասը հանդիպում՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ իր այցելության հիմնական նպատակը տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ գործնական պայմանավորվածությունների ձեռքբերումն է:
Երկկողմ հարաբերությունների զարգացման ենթատեքստում զրուցակիցները կարեւորեցին իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացումը, տնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակութային փոխանակումների ակտիվացումը:
Միջազգային օրակարգի խնդիրների քննարկումների ընթացքում Հայաստանի եւ Ավստրալիայի արտգործնախարարները արձանագրեցին, որ շատ հարցերի վերաբերյալ երկու երկրների տեսակետները համընկնում են կամ շատ մոտ են իրար:
Նախարարներ Նալբանդյանն ու Կարը մտքեր փոխանակեցին ճգնաժամային կետերում խաղաղապահ գործողություններին Ավստրալիայի եւ Հայաստանի մասնակցության վերաբերյալ: Նախարար Կարը ներկայացրեց ասիա-խաղաղօվկիանոսիան տարածաշրջանում զարգացումները եւ Ավստրալիայի դերակատարությունը այդ գործընթացներում:
Ավստրալիայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը:
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Բոբ Կարին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ եղած ժամանակ Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարված աշխատանքների համար:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին հայ-ավստրալական առաջին երկկողմ փաստաթուղթը՝ “ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի դեպարտամենտի միջեւ խորհրդակցությունների վերաբերյալ հուշագիրը”:
Բոբ Կարը, ընդունելով պատասխան այցելությամբ Երեւան ժամանելու Էդվարդ Նալբանդյանի հրավերը, հայտնեց հաջորդ տարվա առաջին կեսին Հայաստան այցելելու մտադրության մասին:
Բանակցությունները շարունակվեցին Ավստրալիայի խորհրդարանի անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ՝ Ավստրալիայի արտգործնախարարի կողմից ՀՀ ԱԳ նախարարի պատվին տրված պաշտոնական ճաշի ընթացքում:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պիտեր Սլիպերի հետ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համագործակցության միջխորհրդարանական ձեւաչափի խթանման վերաբերյալ: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս միջխորհրդարանական փոխգործակցությանը՝ որպես երկրների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր ձեւաչափ եւ ողջունեց ավստրալական կողմի մտադրությունը՝ ակտիվացնելու համագործակցության այդ ոլորտը:
Հայաստանի արտգործնախարարը Ավստրալիայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները եւ տարածաշրջանային խնդիրների լուծման նպատակով ձեռնարկվող քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Ավստրալիայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների հետ: Խմբի նախագահ Ջոֆ Լիոնսին եւ փոխնախագահ Ջոն Հոքեին ներկայացրեցին երկու երկրների հարաբերությունների զարգացման նպատակով իրենց գործունեությունը, Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ բարեկամական խմբի աշխատանքները:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին հայանպաստ գործունեության համար եւ տեղեկացրեց Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի քաղաքականության մասին:
Կանբերայում Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաեւ Միջազգային հարաբերությունների ավստրալական ինստիտուտում, որտեղ Ավստրալիայի առաջատար քաղաքագետների եւ վերլուծաբանների առջեւ հանդես եկավ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ելույթով, որին հետեւեց հանգամանալից հարցուպատասխան Կովկասյան տարածաշրջանի զարգացումների, մերձավորարեւելյան իրադարձությունների եւ միջազգային օրակարգի մի շարք այլ վերաբերյալ:
Օգոստոսի 12-ին Սիդնեյում Էդվարդ Նալբանդյանը այցելեց Սուրբ Հարության հայ առաքելական եկեղեցի, ուր մասնակցեց Սուրբ Մարիամ Աստվածածնի փոխակերպման տոնի առթիվ մատուցված պատարագին:
Երեկոյան ԱԳ նախարարը հանդիպեց ավստրալահայ համայնքի շուրջ 400 ներկայացուցիչների, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:




Լրահոս