ԾԱՆՐ ՎԻՃԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանի համար այսօր բավական ծանր օր է լինելու. իր կարճատեւ արձակուրդն ընդհատած եւ Մոսկվա հրավիրված Սերժ Սարգսյանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն  անելու է «առաջարկություն, որից հնարավոր չէ հրաժարվել»: Խոսքը Եվրասիական  միությանը Հայաստանի անդամակցության մասին է: Այն, որ հենց այս հարցն է Սարգսյան-Պուտին  հանդիպման հիմնական օրակարգը, արդեն հաստատել են նաեւ պաշտոնական աղբյուրները: Եւ ահա այդ  հանդիպման նախօրեին Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը հրապարակել է հայ-ռուսական տնտեսական գործակցության` այս տարվա առաջին հնգամսյակի ցուցանիշները՝ ավելորդ անգամ հիշեցնելով, թե ով է Հայաստանի հիմնական, եթե ոչ միակ առեւտրային գործընկերը: ՌԴ մաքսային ծառայության  ներկայացրած հաշվետվության մեջ մանրամասն կերպով թվարկված  են Հայաստանի տնտեսության այն բոլոր ռազմավարական նշանակության ճյուղերը, որոնք այսօր հանձնված են ռուսներին. սկսած  «Հայռուսգազարդ»-ից, «Հայկական երկաթուղիներ»-ից, էլցանցերից, ավարտած Հայաստանի ատոմակայանով, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկով եւ հեռահաղորդակցության ոլորտով: Թե որն է այս հաշվետվությունը հենց Սերժ Սարգսյանի այցելության ու Եվրասիական միությանն անդամակցելու հարցի քննարկումից մեկ օր առաջ հրապարակելու նպատակը, կարծում ենք, ակնհայտ է. դրանով Ռուսաստանը շատ հստակ մեսիջ է ուղարկում  Հայաստանի եվրոպամետ իշխանություններին` հիշեցնելով, որ մեր երկրի ոչ միայն անվտանգությունը, այլեւ տնտեսությունը գրեթե ամբողջությամբ ռուսական վերահսկողության տակ է, եւ ցանկացած պահի Ռուսաստանը կարող է կաթվածահար անել Հայաստանի ողջ տնտեսական համակարգը: Դրա համար  բավական է  մի քանի օրով  որեւէ արտաքուստ հարգելի պատճառով կասեցնել, օրինակ, «Հայռուսգազարդ»-ի բնականոն գործունեությունը կամ խափանել էլցանցերի աշխատանքը եւ այլն: Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչի կարող է հանգեցնել: Որպես համեմատաբար թեթեւ նախազգուշացում, ռուսները կարող են սկսել հեռահաղորդակցության ոլորտից, ինչն էլ  չի բացառվում, որ արվեց երեկ` «Բիլայն»-ի կապի հինգժամանոց խափանման տեսքով: Ուստի Ռուսաստանից  ռազմական, քաղաքական եւ տնտեսական կախվածության մեջ գտնվող Հայաստանի իշխանությունների համար ծայրահեղ դժվար է լինելու մերժել «ավագ եղբորը»: Խնդիրն այն է, սակայն, որ Արեւմուտքի հետ «խաղեր տվող» Սերժ  Սարգսյանը  չմերժել եւս  չի կարող. դա նրան ոչ մի դեպքում չի ներվի գալիք նախագահական ընտրություններում: Հետեւաբար` Սերժ Սարգսյանն ամեն կերպ կփորձի համոզել իր «ավագ գործընկերոջը» համբերել մինչեւ 2013թ. փետրվար` խոստանալով դրանից հետո անդամակցել Եվրասիական միությանը: Ամբողջ հարցն այն է` արդյոք Պուտինը կհամբերի մինչեւ փետրվար, թե հայացքը կուղղի ժամանակին Հայաստանի ողջ ունեցվածքը ռուսներին վաճառած Ռոբերտ Քոչարյանի կողմը:




Լրահոս