Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի հատվածում: Ժամը 07:45-ի սահմաններում «Պազ» մակնիշի ավտոբուսի վարորդն ընթացքի ժամանակ չի փակել դուռը, ինչի պատճառով էլ 45-ամյա ուղեւորուհին՝ Մարինե Միրաբյանը, վայր է ընկել: Վարորդը դիմել է փախուստի, իսկ ուղեւորուհուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ-ում` Արշալույս գյուղի հատվածում, «Պազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Տարոնիկ գյուղ ձախ շրջադարձի ժամանակ չփակելով ավտոմեքենայի դուռը, 45-ամյա կնոջ մահվան պատճառ է դարձել: «Ժողովուրդ»-ը փորձեց Արշալույս գյուղի բնակիչներից տեղեկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Թե՛ Տարոնիկի, թե՛ Արշալույսի բնակիչներն ամեն կերպ խուսափում էին մեզ հետ զրուցել: Նրանք նշում էին, թե իրենք ուղղակի պատահաբար են լսել, որ նման դժբախտ դեպք է տեղի ունեցել:
Գյուղացիներից մեկն էլ մեզ ասաց, որ տեսել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել, պարզապես խուսափում է ներկայանալ եւ մանրամասները պատմել. «Հետո միլիցեքի ձեռքը կընկնեմ, քաշքշոցի կլինի, հավես չունեմ»: Տարոնիկի բնակիչը նշեց, որ վարորդը նման սովորություն է ունեցել` ավտոբուսի դուռը չփակել, քանի որ նստող-իջնողները շատ են եղել. «Դե էդքան դուռ բացել փակե՞լ կլինի, մարդ ա, մտածել ա բաց թողնի, մեկ ա ճանապարհներից մարդ ա վերցնում, մեկ էլ չփակի բացի, ու էդ ընթացքից մի կին ուզել ա էդ փողոցում իջնի, ուզեցել ա մոտենա ասի ու ընգել ա, էլի»:
Արշալույսի բնակիչները եւս այդ տեսակետն էին հայտնում, ոմանք էլ նշում էին, որ իրենց տեղեկություններով՝ ավտոբուսի դուռը չի աշխատել, այդ պատճառով էլ բաց է մնացել: Փորձեցինք այս ամենի հետ կապված զրուցել նաեւ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց մեզ հետ խոսել՝ նշելով, թե ինքը որեւէ բանից տեղյակ չէ եւ անջատեց հեռախոսը: Ընդհանրապես երեկ արշալույսցիները շատ ահաբեկված էին այդ դեպքից: Միայն 56-ամյա Անահիտը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ճանաչում էր Մարինե Միրաբյանին, որը շատ խելոք կին էր ու այդ ժամին աշխատանքի էր գնում: Նա հավելեց, որ Մարինեն ամեն օր աշխատանքի էր գնում այդ երթուղայինով, եւ իրենց համար անհասկանալի է, թե այդ դժբախտ դեպքն ինչպես է տեղի ունեցել:
Նշենք նաեւ, որ ավտոբուսի վարորդը տուժողին թողել է անօգնական վիճակում եւ դիմել փախուստի, իսկ Մարինե Միրաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Բ/կ-ի բժշկուհի Մերի Ավագյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մինչեւ հասցրել են հիվանդանոց, կինն արդեն մահվան շեմին է եղել. «Այդ կնոջը մեր հիվանդանոց են բերել 7-ի կողմերը, եւ մենք անգամ չենք հասցրել անկետա բացել, կնոջ մոտ ծանր գանգուղեղային տրավմա է եղել, գրեթե մահացած վիճակում են տեղափոխել հիվանդանոց, էդ ամեն ինչը մի քանի վայրկյան է տեւել: Տիկինն այդ ժամանակ չի էլ խոսել, անգիտակից վիճակում է եղել, հարազատներին դեռեւս չենք տեսել, իր հագուստը մեզ մոտ է, ու դեռ մարդ չի եկել՝ դրանք վերցնելու»:
Վաղարշապատի բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Մելիք Կոնդյանն էլ մեզ հետ զրույցում նշեց. «Ռեանիմացիայում կինը մի քանի րոպե հետո մահացել է, ինքը չի վերականգնվել, հիվանդանոց են բերել համարյա մահամերձ վիճակում: Տեղյակ չեմ, թե դեպքն ինչպես է տեղի ունեցել, սկզբից անգամ հայտնի չէր, թե ինքը ով էր, հետո են կնոջ հարազատներն ի հայտ եկել, հետո նոր ոստիկանությունն է պարզել կնոջ ինքնությունը»:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ում է պատկանում այդ երթուղին, որը սպասարկող ավտոբուսի միջից կինն ընկել ու մահացել է: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Տարոնիկ-Էջմիածին երթուղին պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբոր որդուն՝ Հրանտ Գրիգորյանին: Վերջինից փորձեցինք տեղեկանալ, թե ինչու է նման վիճակում գտնվում իր «գիծը», սակայն Գրիգորյանի հեռախոսը ողջ օրվա ընթացքում անհասանելի էր:
Իսկ ոստիկանության ՀԿԼՎ-ից տեղեկացանք, որ «Պազ»-ի վարորդին` Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ 56-ամյա Գրիշա Մարտիրոսյանին, ժամը 10:00-ին բերման են ենթարկել բաժին: Նախաքննությունը շարունակվում է:
լուսանկարները՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ