Արդեն երկրորդ օրն է` «Ժողովուրդ» օրաթերթի բնականոն գործունեությունը խաթարված է: «Beeline» բջջային կապի օպերատորը, ի վիճակի չլինելով վերացնել իր կայանի տեխնիկական անսարքությունը, ստիպում է բաժանորդներին նյարդայնանալ: «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի փողոցներում պատահականության սկզբունքով պարզել քաղաքացիների գնահատականն այդ ընկերության ծառայությունների որակի մասին: Արդյոք նրանք չեն փորձում բողոքել իրենց՝ սպառողների իրավունքների ոտնահարման դեմ:
Խաչիկ Պետրոսյան, խանութի սեփականատեր. «Ա՛յ քուր ջան, զզվել էի արդեն, մի քանի ամիս կլինի՝ համարս փոխել եմ: Էս գլխին էլ կապ չկար, էն գլխին էլ: Գործի տեր մարդ եմ, հազար մարդու հետ հարցեր ունեմ… Էլ ձեւ չկար»:
Գոհար Մարտիրոսյան, դիզայներ. «Ո՞նց կարող եմ գոհ լինել, շատ հաճախ արգելափակում են կապը: Ո՞ւմ բողոքես»:
Վահագն, գործազուրկ. «Գոհ եմ, առավելություններ ունեցող օպերատոր է: Երկու օր է՝ նորմալ չէ, բայց դե բոլորի հետ էլ կարող է պատահել»:
Դավիթ Վանեսյան, գործադիր տնօրեն. «Գոհ չեմ «Beeline»-ի ծառայություններից: Չեմ բողոքում, քանի որ դա ոչինչ չի փոխի»:
Աննա Լալայան, տնտեսագետ. «Բարեբախտաբար, չեմ օգտվում էդ օպերատորից»:
Տիգրան, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջատար մասնագետ. «Հա՛, վատ է կապը: Ես էլ անընդհատ զանգում էի երեխաներիս, կապ չկար, անհանգիստ էի»:
Տիգրան, մենեջեր. «Երեկ՝ ժամը 15-ի սահմաններում, «Beeline»-ի որ համարին զանգում էի, ավտոատվետչիկն ասում է՝ անհայտ բաժանորդ»:
Գործազուրկ, չցանկացավ ներկայանալ. «Ծը՜, երկու օր է՝ կապ չկա, ո՞նց գոհ լինեմ, ասես-չասես, բողոքես-չբողոքես` մի հաշիվ ա»:
Արդեն որերորդ անգամն է` «Beeline» ընկերության բջջային կապն արգելափակվում է: Հարկ է նշել, որ այս իրավիճակը նախադեպեր շատ է ունեցել: Դեռեւս մայիսի 18-ին օպերատորի բաժանորդները ելքային զանգերի հետ կապված խնդիրներ ունեցան, որը սարքի խափանման պատճառով էր: Օգոստոսի 7-ին կրկին ընկերությունն «արգելել էր» իր բաժանորդներին հաղորդակցվել:
«Կապի խնդիրը տեխնիկական էր, բայց թե հատկապես ինչն է բուն պատճառը, առայժմ չեմ կարող ասել: Մենք փորձում ենք պարզել, թե որն է վերջին ամիսների ընթացքում երրորդ անգամ խափանման պատճառը»,-ասաց ընկերության լրատվության բաժնի պետ Անուշ Բեղլոյանը` հավելելով, որ փոխհատուցման մասին խոսելը դեռեւս վաղ է:
«Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսակետն այս խնդրի շուրջ: Արդյոք հանձնաժողովը պատրաստվում է վարչական պատասխանատվության ենթարկել ընկերությանը: «Դուք նամակի համա՞ր եք զանգել, չափազանցված է, Դուք չեք կարող ասել, թե քանի անգամ է կապը խաթարվել»,-հեռախոսազրույցում ասաց ՀԾԿՀ-ի հեռահաղորդակցության վարչության պետի տեղակալ Ա. Ծատուրյանը` չիմանալով անգամ, որ ընկերությունն է խոստովանում 3 անգամ խափանման փաստը: Երբ խնդրեցինք հարցին պատասխանել, վերջինս ասաց. «Ոչինչ չեմ կարող ասել, ուսումնասիրում ենք, կասենք» ու խորհուրդ տվեց դիմել «Արմենտել»-ին:
«ԲԻԼԱՅՆ»-ԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ ԲՈԼՈՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ