ԻՆՉՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԱԼԵԿՈԾԵՑԻՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այլեւս փաստ է, որ Հայաստանի քաղաքական դաշտում լուրջ առճակատում է սկսվել, որը կզարգանա եւ կհանգուցալուծվի գալիք ամիսներին: Առաջիկա երկու ամիսների համար Հայաստանը եւ հայ ժողովուրդը մեկ կարեւոր խնդիր ունեն ծրագրած. պետք է տեղի ունենան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, պետք է պատշաճ կազմակերպվի Ցեղասպանության զոհերի` մեկուկես միլիոն հայորդիների ոգեկոչումը: Սակայն այլեւս ակնհայտ է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակում հնարավոր չի լինի աշխարհին ներկայանալի միջոցառումները կազմակերպել: Արդյոք Սերժ Սարգսյանի քայլի` Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմ սկսելու թաքնված նպատակը Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տապալման արդարացում ստեղծելը չէ: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը գիտի, թե քանի երկրի ղեկավար է արձագանքել իր հրավերին` Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին, գալ Երեւան եւ Հայաստանի քաղաքացիների հետ ոգեկոչել եղեռնի զոհերի հիշատակը: Մինչ օրս միայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է հայտարարել 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան գալու մասին: Նույնիսկ Հայաստանի դաշնակից երկրներն այդպես էլ չեն հայտարարում, թե ինչ մակարդակով են մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Այսինքն՝ նշված միջոցառումների տապալված լինելն այլեւս ակնհայտ է, եւ այժմ Սերժ Սարգսյանը փորձում է այդ ձախողման արդարացումներ ստեղծել:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբո») գլխավորությամբ առաջին գիծ մեկնած 150 ազատամարտիկներին թույլ չեն տվել մնալ ՀՀ ՊՆ որեւէ զորամասում: Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ-ին կից ստեղծված «Երդվյալ ազատամարտիկների» միության 150 անդամներ փետրվարի 9-ին հայտարարեցին, որ գնում են ԼՂՀ` առաջին գծում զինվորների կողքին հերթապահելու համար: Պարզվում է, որ Ռուբեն Գեւորգյանին եւ նրա հետ մեկնած ազատամարտիկներին թույլ չեն տվել սահմանի զորամաս մտնել եւ դիրքերում հերթապահություն իրականացնել: Գեւորգյանին առաջարկել են իրենց հետ տարած սնունդը եւ առաջին անհրաժեշտության պարագաները, եթե ցանկանում են, թողնել զորամասում եւ վերադառնալ Երեւան: Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ զայրույթի պատճառներից մեկն էլ այս` առաջագիծ մարդ ուղարկելու քայլն է: Այս առնչությամբ Ռուբեն Գեւորգյանից մեկնաբանություն ստանալու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն. վարորդն ասաց, թե Շամշադինում ենք:

 

 

 

 
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկվանից իշխանություններն արդեն սկսել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պառակտման աշխատանքները: Բանն այն է, որ իշխանության ներկայացուցիչները ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներին «հրավիրում» են իրենց աշխատասենյակներ ու հորդորում են լքել ԲՀԿ շարքերը: Ըստ մեր տեղեկությունների՝ ԲՀԿ-ականների հետ «աշխատող» խումբը բաժանվել է երեք մասի՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրանք ԲՀԿ-ական պատգամավորներին բացատրում են, որ ավելի լավ է Ծառուկյանի կողքից հեռանան, հակառակ դեպքում՝ խորհրդարանի նիստերից բացակայելու հիմքով պարզապես կարող են զրկվել ԱԺ պատգամավորի մանդատից:

 

 

 

 

Երբ դեռ քննարկվում էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հարցը, նշվում էր, որ դրանից հետո Հայաստանի գործարարների համար Ռուսաստանի պես մեծ երկրի շուկան կդառնա լիարժեք հասանելի: Մասնավորապես նշվում էր, որ Հայաստանի միս արտադրող ընկերությունները հնարավորություն կունենան ազատ, առանց խոչընդոտի ՌԴ արտահանել Հայաստանում արտադրված մսամթերքը: Ինչն իր հերթին կնպաստեր Հայաստանում անասնաբուծության զարգացմանը: Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին, երբ դեռ ուժի մեջ չէր մտել Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության համաձայնագիրը, թվով 11 ձեռնարկություններ թույլտվություն էին ստացել՝ դեպի ՌԴ եւ ԵՏՄ անդամ երկրներ միս, մսամթերք արտահանելու համար: Սակայն «Ժողովուրդ»-ը պարզել է, որ անցած մեկուկես ամսում Հայաստանից ո՛չ դեպի ՌԴ եւ ո՛չ էլ ԵՏՄ անդամ մյուս երկներ ոչ մի կիլոգրամ միս չի արտահանվել: Ավելին՝ դեռեւս պարզ չէ, թե հայկական ընկերությունները երբ կսկսեն ԵՏՄ անդամ երկրներ միս արտահանել:

 

 

 

 

ԱՌԱՆՑ ՄԱՏՆԱՆՇԵԼՈՒ

Գագիկ Ծառուկյանի դեմ հայտարարված «պատերազմի» շրջանակներում երեկ հրավիրված ԱԱԽ նիստում Սերժ Սարգսյանն ասել է. «Վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու եւ դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը: Կարծում եմ, որ այսօր ժամանակն է նման գործողությունները եւ դրանց հետ առնչվող երեւույթները քննարկել նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից»:
Ուշագրավ է, որ իբրեւ ԲՀԿ-ի դեմ «խաչակրաց արշավանք» սկսելու հիմնական պատճառբանություն ՀՀԿ-ականները մատնանշում են երկրի ազգային անվտանգությանը սպառնացող ԲՀԿ առաջնորդի գործողությունները` այդպես էլ, սակայն, չմատնանշելով դրանցից որեւէ մեկը: Առավելագույնը, որ նշվում է, այն է, թե ԲՀԿ-ն սպառնացել է իշխանափոխություն իրականացնել, կամ էլ իր հայտարարություններում իշխանության հասցեին օգտագործել է «թուլամորթ» որակումը: Սա, ինչ խոսք, անհեթեթ պատճառաբանություն է, քանի որ նախ՝ ԲՀԿ-ն նախկինում էլ է խոսել անհրաժեշտ պահին համազգային կոնսոլիդացման եւ իշխանափոխություն իրականացնելու պատրաստակամության մասին, եւ բացի այդ` ՀՀ քաղաքական պատմության ընթացքում, այդ թվում եւ վերջին տարիներին, քիչ չեն եղել ուժեր, որոնք հանդես են եկել անհամեմատ կոշտ սպառնալիքներով: Ուստի, եթե ՀՀԿ-ն այդքան «ծանր է տանում» Գագիկ Ծառուկյանի` իշխանափոխության սպառնալիքը, նշանակում է` պարզապես վախեցած է ԲՀԿ-ի հզորությունից:
Ինչ վերաբերում է «թուլամորթ» արտահայտությունը որպես ազգային անվտանգության սպառնալիք դիտարկելուն, ապա այս դեպքում եւս ՀՀԿ-ի եւ անձամբ Սերժ Սարգսյանի հասցեին հնչել են այնքան շատ ու բազմաբնույթ գնահատականներ, ընդհուպ՝ մինչեւ հայհոյանքներ, որ դրանց համեմատ ԲՀԿ-ի տված «թուլամորթ» որակումը գրեթե կոմպլիմենտ է: Էլ չասած, որ հենց նույն՝ Գագիկ Ծառուկյանը, օրինակ, նախկինում հանդես է եկել ՀՀ իշխանությունների հասցեին շատ ավելի վիրավորական եւ վտանգավոր հայտարարություններով, եւ որ ամենակարեւորն է` արտաքին ամբիոններից: Մասնավորապես 2012թ. նախագահ առաջադրվելու նպատակով իր հայտնի եվրոպական այցի ընթացքում նա ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, թե. «ՀՀ իշխանությունները թաթախված են կոռուպցիայի մեջ»: Սակայն, չգիտես ինչու, ՀՀԿ-ականները դա չդիտարկեցին որպես երկրի ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավեր եւ ոչ էլ առանձնապես վիրավորվեցին:
Ինչեւէ, երեկվա ԱԱԽ նիստում, որն ի դեպ, ընթացել է առանց միակ ոչ իշխանական անդամի` Արթուր Բաղդասարյանի, Ս. Սարգսյանը խիստ հանձնարարականներ է տվել «երկրի ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթները գնահատելու եւ դրանց վտանգավորության աստիճանին համարժեք միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ»: Թե ինչպիսիք կլինեն դրանք, ըստ ամենայնի, տեսանելի կդառնա արդեն կարճ առաջիկայում:




Լրահոս