«Սիրո ուժը» լուսանկարների մրցույթ` Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

6 մարտ, 2015թ, Երևան. Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են «Սիրո ուժը» լուսանկարների մրցույթ Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի շրջանակում: Մրցույթին ներկայացված լուսանկարները հրատարակվելու են  Facebook սոցիալական ցանցում` Բրիտանական խորհրդի էջում։

Մրցույթի հաղթողները կհրավիրվեն հատուկ ընդունելության Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի նստավայր, իսկ նրանց ներկայացրած լուսանկարներով կթողարկվեն սահմանափակ քանակությամբ շապիկներ, որոնք կտրամադրվեն հեղինակներին: Եվս մեկ մասնակից Beeline-ի կողմից կարժանանա խրախուսական մրցանակի։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 8-ից մինչև մարտի 20-ը մրցույթին ներկայացնել սիրո ուժը պատկերող լուսանկարներ: Յուրաքանչյուր օր ու ամեն պահ մեր կողքին տեղի են ունենում երևույթներ և արարքներ, որոնք սիրո իրական դրսևորումներ են:  Լուսանկարեք այդ պահերը, մարդկանց ու մասնակցեք մեր մրցույթին: Լուսանկարները հարկավոր է ուղարկել [email protected] հասցեին մինչև մարտի 20-ը:  Հաղթողներին կընտրեն փառատոնի կազմակերպիչներից և ոլորտի պրոֆեսիոնալներից կազմված ժյուրին:

«Այս տարի Բրիտանական ֆիլմերի փառատոնը նվիրված է սիրուն: Այս մրցույթը հնարավորություն է մեկ անգամ ևս բարձրաձայնել փառատոնի թեմայի մասին, մարդկանց ուշադրությունը հրավիրել սիրո պահպանման ու տարածման կարևոր առաքելությանը»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում մասնակցելով սիրո տարածման ու պահպանման գաղափարին նվիրված միջոցառումներին` կարող եմ վստահեցնել, որ այս մրցույթը կպարգևի ոչ միայն վառ և լուսավոր ակնթարթներ մեր սիրահարներին, այլև կօգնի ավելի գնահատել իրենց սիրած էակին՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բրիտանական Ֆիլմերի 13-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։

Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի մեկնարկել է փետրվարի 14-ին: Փառատոնի ընթացքում ցուցադրվել են «Նմանակման խաղ», «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամենն է» և «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ճանաչված բրիտանական ֆիլմերը։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Լայմ, Շողակաթ հեռուստաընկերությունները եւ Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, Ավտոռադիո FM 89.7-ը, Իմ ռադիո FM 103.8-ը եւ Ռադիո Երեւան FM 101.9-ը:

Մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։




Լրահոս