Մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Գյումրիում հրազենային վիրավորում ստացած 36-ամյա Կնյազ Ղազարյանը գիշերը 03:00-ի սահմաններում մահացել է: Ինչպես Armlur.am-ին հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, ըստ բժիշկների նախնական վարկածի, Կնյազ Ղազարյանը երկար չէր կարող ապրել. նրան մի քանի օր միացված է եղել արհեստական շնչառության ապարատ, և դեպքի օրը ծանր վիրավորում էր ստացել գլխի շրջանում:
Ինչ վերաբերում է մյուս հիվանդներին, ապա նրանց վիճակը կայուն բավարար է: Կնյազ Ղազարյանի հակառակորդ կողմի անդամ, գանգուղեղային վնասվածք ստացած Գագիկ Ղուկասյանը, հնարավոր է, վաղը տեղափոխվի հիվանդասենյակ:
Հիշեցնենք, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Գյումրիի Արցախ թաղամասում կրակոցներ էին հնչել: 6 հոգի այդ օրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու ԲԿ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ էին ստացել, իսկ մյուսները վիրավորվել էին կտրող-ծակող գործիքներից:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ դեպքի առնչությամբ բերման է ենթարկվել 5 մարդ, հանգամանքները պարզվում են: Քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնել են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք կրել-պահելու հատկանիշներով: