ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԵՂԴՎԵԼ Է
Կանադայի Ռոդոն քաղաքում 30-ամյա Մարիա Պանտազոպուլոսը խեղդվել է ջրվեժում, երբ իր հարսանեկան զգեստով լուսանկարվելիս է եղել ջրվեժի մոտ: Երբ 30-ամյա կինը մտել է ջուրը, նրա հարսանեկան զգեստը թրջվել է եւ ծանրացել: Մարիան սայթաքել է եւ ընկել ջուրը, սակայն չի կարողացել վեր կենալ, քանի որ ծանրացած զգեստը թույլ չի տվել եւ նրան ներքեւ է քաշել: Լուսանկարիչը նշում է, որ փորձել է օգնել կնոջը, անգամ ջուրն է նետվել նրա հետեւից, սակայն ոչինչ անել չի կարողացել: Երիտասարդ կնոջ մարմինը հայտնաբերել են դժբախտ պատահարից մի քանի ժամ անց:

ՊԱՅԹԵՑՎԵԼ Է
«Օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը Դամասկոսի ամենաապահով արվարձանում՝  Ջարամանայում, պայթեցվել է 2 ականապատ ավտոմեքենա»,-գրում է ANC Cyprus-ը: Արվարձանում, որի բնակչության 70 տոկոսը քրիստոնյաներ են, 250 հայ ընտանիք է բնակվում: Ըստ սիրիական SANA գործակալության՝ պայթյունի հետեւանքով վարորդները զոհվել են: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայի կառավարական զորքի եւ ընդդիմադիրների միջեւ մեկուկես տարուց ավելի ընթացող բախումների հետեւանքով ավելի քան 20.000 մարդ է սպանվել:

ԷԿՈ-ԹԱՂԱՄԱՍ
Փարիզի Gare de Rungis կայարանի մոտ կկառուցվի առաջին էկո-թաղամասը, որտեղ էներգիայի հիմնական աղբյուրը լինելու է արեգակից ստացված էներգիան: Նախագծի հեղինակ Բրունո Ֆորտյեն նախատեսում է կառուցել մի տարածք, որտեղ էլեկտրաէներգիայի կիրառումը հասցված կլինի նվազագույնի, իսկ ավտոմեքենաներն ընդհանրապես չեն կարողանա մուտք գործել: Էկո-թաղամասն ընդգրկելու է 3.8 հեկտար տարածք: Իշխանությունները մտադիր են շահագործել էկո-թաղամասը 2014-ին:  Նոր թաղամասում կառուցվելու են նաեւ մանկապարտեզներ, ծերանոցներ եւ սոցծառայության գրասենյակներ:

 Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս