ՀԵՇՏ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչ էլ ասենք` մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կտրուկ բարձրացրեց իր վարկանիշը: Սաֆարովի գլխի համար վճարված կամ վճարվելիք  3 միլիարդով Իլհամ Ալիեւն ըստ էության լուծեց առաջիկա նախագահական ընտրություններում իր միանշանակ հաղթանակի հարցը: Անկախ մեր վերաբերմունքից այդ մոլագար մարդասպանի հանդեպ, դժվար է չընդունել, որ օտար երկրի բանտում պատիժը կրող սեփական «ազգային հերոսի» ազատագրումը փայլուն  քարոզչական քայլ էր, որով միանգամից եւ, թերեւս երկար ժամանակով, կփակվի ալիեւների կլանից հանրային դժգոհության հարցը: Մինչեւ մազերի ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված ալիեւյան վարչակարգն այդպիսով փորձեց աղքատության մեջ ապրող սեփական երկրի բնակչության գերակշիռ մասին ցույց տալ, որ երկրի նավթային ռեսուրսներից գոյացող միլիարդները նրանք նաեւ ահա այդպիսի «հայրենանվեր» գործերի համար են ծախսում: Բնականաբար, առաջիկայում Ադրբեջանում փորձ կարվի զարգացնել այն թեզը, թե Սաֆարովի վրա ծախսած 3 միլիարդը միայն այսբերգի երեւացող մասն է, հետեւաբար` պետք  չէ տուրք տալ ընդդիմության  մեղադրանքներին, թե ալիեւները թալանում են երկիրը: Իրականում նրանք այդ փողերը ծախսում են  բացառապես  Ղարաբաղի հարցի «արդարացի լուծման» ուղղությամբ տարվող դիվանագիտական աշխատանքների վրա:
Քանի որ առաջիկայում Հայաստանում եւս նախագահական ընտրություններ են, Սաֆարովի հարցը լուրջ գործոն է դառնում նաեւ մեր երկրի ներքաղաքական կյանքում: Այն կարող է  ինչպես   սրընթաց  բարձրացնել Սերժ Սարգսյանի վարկանիշը, այնպես էլ նույն արագությամբ այն ոչնչացնել`կախված այն բանից, թե որքանով  Սարգսյանին կհաջողվի  մեր ազգային խոցված արժանապատվությունը սփոփող քայլեր անել: Առայժմ Ս. Սարգսյանի քայլերն ու հնչեցրած հայտարարությունները հօգուտ իրեն են, սակայն եթե առաջիկայում չլինի այդ քայլերի շարունակությունը` ի դեմս գերտերությունների  համարժեք արձագանքի եւ հստակ գործողությունների,  Սարգսյանի վերջին օրերի  ռազմահայրենասիրական կեցվածքը կարող է բումերանգի էֆեկտով հարվածել նրա վարկանիշին` ընդ որում, կրկնակի ուժով: Սակայն այստեղ  շատ կարեւոր է հետեւյալը` ի՞նչ կընտրի  Սերժ Սարգսյանը. սեփական վարկանիշն ամեն գնով բարձրացնելու նպատակով տրվել զգացմունքային-ազգայնական պոպուլիզմի՞ն, թե՞ այս գործընթացում առաջնորդվել շատ ավելի սթափ եւ հաշվարկված  մարտավարությամբ, որի  պտուղները կարող են լինել ոչ այդքան շուտ եւ հասարակության  համար ոչ այդքան տեսանելի, սակայն միեւնույն ժամանակ մեր ազգային շահերի տեսանկյունից  չափազանց կարեւոր, եթե չասենք` վճռորոշ: Իրականում Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագիրը կախված է հենց այս ընտրությունից:  Եւ որքան էլ ցավալի է, սակայն առաջին տարբերակը նրան առավել հեշտ վերընտրություն է խոստանում առաջիկա նախագահական ընտրություններում: Ասել է թե` իզուր չեն Սաֆարովի տան մոտ ոստիկանական պահակակետ բացել:




Լրահոս