Armlur.am-ը հայտնել էր, որ Կրասնայա Պոլյանայում «օրենքով գողերի» հավաքը ցրելու ժամանակ ձերբակալվել է Զախարի Կալաշովը` Շաքրո Մոլոդոյը: Նրա հետ միասին ձերբակալվել է նաև հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով առավել հայտնի է Ռոբսոն անունով: Հայտնի է, որ ստուգումներից հետո նրանք ազատ են արձակվել:
Ով է ձերբակալված հայազգի գործարարը
Խոսելով Թաթուլյանի մասին` գործընկերները նշում են, որ նա հայտնի և հարգված մարդ է: Նշենք, որ նա ՌԴ պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինի օգնականն է և Սոչիում ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը:
Ռուսական առաջատար լրատվամիջոցները հայտնում են, որ Ռ. Թաթուլյանի գործունեության մասին վաղուց առասպելներ են պտտվում: Լուրեր են շրջանառվում, թե Սոչիում և ընդհանուր երկրամասում տեղի չի ունենում որևէ բան, որը Ռոբսոնի սրտով չլինի. ո´չ Սոչիի քաղաքապետը, ո´չ էլ նույնիսկ երկրամասի ղեկավարը ոչինչ չեն կարող անել, եթե Թաթուլյանը դեմ լինի: «Նա Սոչիի՝ ստվերում գտնվող «տերը» չէ, նա պարզապես տերն է»,- այսպես են արտահայտվում Թաթուլյանի մասին տեղացիները:
Ի դեպ, նման հեղինակություն վայելող գործարարը շրջում է մեծ ավտոշարասյան ուղեկցությամբ, որում գտնվում են զինված մարդիկ՝ հիմնականում աբխազներ կամ Աբխազիայի հայեր: Իսկ մեքենաները կրում են օտարերկրյա դիվանագիտական համարանիշեր:
Ռոբսոնի ունեցվածքը
Հայազգի գործարարն իր ուրույն դիրքով առանձնանում է Սոչիում հյուրանոցային բիզնեսում ներդրումներ կատարողների մեջ: Բացի «Գորուն» պանսիոնատից, Թաթուլյանի ընկերություններին են պատկանում մի քանի կոմերցիոն օբյեկտներ, որոնց ընդհանուր մակերեսը հասնում է 70 հազար քառ. մ-ի: Դրանցից ստացած տարեկան եկամուտը հասնում է 850-900 մլն ռուբլու: Թաթուլյանը Սոչիում 7000 քառ. մ մակերեսով առևտրի կենտրոն ունի, որը կոչվում է «Թաթուլյան»:
Ռուբեն Թաթուլյանն աշխարհիկ դեմք է, մարզիկ, հաջողակ գործարար, բարերար: Նրան պատկանող «Գարուն» կենտրոնը հայտնի է մարզիկների շրջանում, այնտեղ մարզվում են օլիմպիական չեմպիոններ: Թաթուլյանը նաև հատուկ մրցանակ է ստացել ՌԴ նախագահի կողմից ըմբշամարտի զարգացման գործում ունեցած ներդրման համար:
Որոշ ժամանակ առաջ Ռուբեն Թաթուլյանն արժանացել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հատուկ մեդալին` օլիմպիական շարժման զարգացման գործում նշանակալի ավանդի համար: Միաժամանակ մեր հայրենակիցն աչքաթող չի անում հայաստանյան սպորտը, մեր հավաքականները ևս տարին մի քանի անգամ ուսումնամարզական հավաքներ են անցկացնում Թաթուլյանի հիմնած կենտրոնում: Ի դեպ, Ռուբեն Թաթուլյանը նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի փոխնախագահն է:
Ինչ քրեական պատմություններով է հայտնի հայազգի գործարարը
Արդեն նշեցինք, որ Ռուբեն Թաթուլյանը ոչ միայն հաջողակ գործարար է, այլև Սոչիի քրեական աշխարհը պահում է իր հսկողության տակ: Քրեական շրջանակներում Ռոբսոնն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ մահացավ քրեական հեղինակություն Կարասյան՝ Էդուարդ Կողոսյանը, ով Սոչիում «օրենքով գողերի» կնքահայր Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչն էր: Ասում են, թե Ռոբսոնը մտերմացել էր Կարասյայի փեսայի՝ Անզար Սիրցովի հետ և կարող էր ստանձնել Դեդ Հասանին փոխարինողի «պատվավոր» դերը:
Քաղաքում լուրեր են տարածվել նաև, թե Ռոբսոնն իրենով է արել նաև քաղաքապետ Անատոլի Պախոմովին, ավելին՝ Ադլերի խորհրդի ղեկավար Ալեքսանդր Ժիգալկոն ևս այդ բախտին է արժանացել:
Իսկ հիմա ռուսական լրատվամիջոցները գրում են, թե Ռոբսոնին ձերբակալելը «թեթև պատժելու» ձև է՝ սա պատճառաբանելով այն հանգամանքով, որ երկար ժամանակ լուրեր են շրջանառվում, թե քրեական հեղինակությունների հետ համագործակցող հայազգի գործարարը Սոչին դարձրել է «Սիցիլիա»: Ավելին, լրատվամիջոցները պարբերաբար բարձրաձայնում էին այն խնդրի մասին, որ Սոչիում իրավական համակարգը ձևական բնույթ է կրում: «Դժվար թե մարմնավաճառներին տանիք տվող և երիտասարդներին թմրանյութ հյուրասիրող ոստիկաններն ի վիճակի լինեն քաղաքում կարգ ու կանոն հաստատել»,- նշում են ռուսական լրատվամիջոցները:
Նույն աղբյուրները հայտնում են նաև, որ Սոչին «նայողն» «օգնող ձեռք» ունի նաև Ներքին գործերի նախարարությունում, որպեսզի եթե ինչ-որ բան այն չլինի, գործը կոծկելու հնարավորություն լինի:
Ինչևէ, տարբեր չար լեզուներ տարբեր լուրեր են տարածում, սակայն փաստն այն է, որ գործարարին ձերբակալել են «օրենքով գողերի» հետ միասին նույն վայրից: Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն հանգամանքը, որ Սոչին իր ձեռքի տակ առած ազգությամբ հայ գործարարը քրեական հեղինակությունների հետ սերտ համագործակցության մեջ է: Իսկ թե ինչ ավարտ կունենա այս պատմությունը, ցույց կտա ժամանակը և անաչառ քննությունը:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույց գործարարի հետ, որտեղ նա պատմում է իր գործունեության, ընտանիքի, ընկերների, ինչպես նաև Հայաստանի մասին: Ի դեպ, նշենք, որ ռուսական լրատվամիջոցները պարբերաբար նկատում են, որ Ռուբեն Թաթուլյանը երբեք չի խուսափել լրատվամիջոցների հետ շփումներից, հարցազրույցներից կամ նկարահանումներից: Ավելին, նա ինքն է պարբերաբար հանդիպումներ կազմակերպել ԶԼՄ ներկայացուցիչների հետ: