ՔՈՉԱՐՅԱՆԱԿԱՆ ԿԱԴՐԵՐԻՆ ՄԱՔՐԵԼՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ առավոտյան, հրաժարական է տվել ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Ուշ երեկոյան նախագահական նստավայրը հաստատեց այս տեղեկությունները` հայտնելով, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, սակայն, սա Դալլաքյանի միակ պաշտոնը չէ. նա միաժամանակ լինելու է նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ փոխարինելով Արա Գյուրջյանին: Միայն թե նախագահական նստավայրը երեկ այդ մասին լռում էր: Իսկ անձամբ Դալլաքյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, քանի որ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Նշենք, որ Գառնիկ Իսագուլյանի փոխարեն ԱԺ-ում Դալլաքյանին նախագահի ներկայացուցիչ նշանակելու մասին վերջերս շատ էր խոսվում: Սակայն ամեն անգամ Իսագուլյանը հերքում էր այդ լուրերը:
Մինչդեռ, ըստ շրջանառվող լուրերի, Իսագուլյանի հրաժարականն ունեցել է ուշագրավ նախապատմություն: Նրան առաջարկվել է քաղաքականապես ակտիվանալ ու դուրս գալ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Սակայն Իսագուլյանը, լինելով երկար տարիների փորձառու չինովնիկ, հրաժարվել է: Ըստ ԱԺ մեր աղբյուրների՝ Սերժ Սարգսյանը ցանկացել է նախագահական ընտրություններից առաջ «հասկանալ», թե իր շրջապատում «ով ով է», եւ իր կողքին գտնվող կադրերը հավատարիմ են իրեն, թե Քոչարյանին: Բացի այդ, այստեղ կա նաեւ մեկ այլ ենթատեքստ. սա, ըստ էության, իշխանության ռուսական ու անգլոսաքսոնական թեւերի բախում էր՝ արեւմուտքի հաղթանակով:
Իսագուլյանը դեռ խորհրդային տարիներից եղել է ԱԱԾ աշխատակից: Ընդհանրապես համարվում է ռուսական կողմնորոշում ունեցող մարդ, ու նաեւ այդ պատճառով է նրա դեմ պայքար մղել իշխանական անգլոսաքսոնական թեւը՝ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի գլխավորությամբ:
Նկատենք, սակայն, որ Գառնիկ Իսագուլյանին Սերժ Սարգսյանը վաղուց էր մեկուսացրել նախագահականից՝ ընդ որում դա անելով փուլային տարբերակով: Նախ Իսագուլյանն ազատվեց նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից՝ դառնալով նրա ներկայացուցիչն ԱԺ-ում: Ասել է թե՝ նրան սկզբում հեռացրին  նախագահական նստավայրից: Այնուհետեւ Իսագուլյանը հեռացավ նաեւ իր հիմնած ՀՀ նախագահին կից Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ղեկավարի պաշտոնից: Այդ ինստիտուտը հիմա ղեկավարում է Միքայել Մինասյանի հավատարիմը դարձած Արա Սաղաթելյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ առաջիկայում Իսագուլյանը հեռանա նաեւ ՀՀ կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահի պաշտոնից:
Մեր տեղեկություններով՝ Իսագուլյանն այսօր խորհրդարանում պատրաստվում է հրաժեշտի հանդիպում ունենալ ԱԺ խմբակցությունների հետ:
Մինչ այդ, սակայն, նկատենք՝ տարիներ շարունակ ԱԱ նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը բավական լավ գիտի Գ. Իսագուլյանին, նրա հնարավորություններն ու քաղաքական նկրտումները: Ասում են՝ Իսագուլյանը նաեւ լուրջ տեղեկատվության է տիրապետում շատ ոլորտների ու մասնավորապես 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի մասին. նա ողջ ընթացքում եղել է նախագահականում, նույնիսկ գիշերել այնտեղ: Ու հիմա չի բացառվում, որ այսքանից հետո Իսագուլյանը քաղաքական ակտիվություն դրսեւորի՝ հավակնելով ընդհուպ մինչեւ ՀՀ նախագահի պաշտոնին: Բացի այդ, Իսագուլյանը նաեւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն է:
Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ Գառնիկ Իսագուլյանին, որն ասաց. «Պաշտոնական հայտարարություն կլինի, կիմանաք: Իսկ մյուս հարցերին կպատասխանեմ ասուլիսի ժամանակ»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս