ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Բեյրութում

Մարտի 18-ին՝ երեկոյան ժամը 17:30-ին, ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական եւ «Զավարյան» ուսանողական միությունների 60 հոգանոց խումբը ցույց էր կազմակերպել Բեյրութի «Ա.ԲԵ.ՍԵ Էշրեֆիե» հանրախանութի սրահի մուտքի մոտ, ուր պետք է ցուցադրվեր Լիբանանում թուրքական դեսպանատան կողմից «Son Mektup» («Վերջին նամակը») թուրքական ֆիլմը: Դաշնակցական երիտասարդներն ու ուսանողները, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված շապիկներ հագած, անգլերեն եւ արաբերեն պաստառները ձեռքներին, անցորդներին Հայոց ցեղասպանության մասին թռուցիկներ են բաժանել: Այս ամենը վրդովմունք է առաջացրել թուրքական դեսպանատան անվտանգության ուժերի եւ համակիրների շրջանում, ովքեր ազգայնամոլ կոչերով հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա: Հայկական կողմը դիմադրել է հարձակմանը, որից հետո միջամտել են լիբանանյան ներքին անվտանգության ուժերը: Վիրավորվել է երկու հայ երիտասարդ:

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Կխնդրեի պարզաբանել՝ եթե ես իմ անձնագրով կատարել եմ գործարք, եւ գործարքը դեռեւս ընթացքի մեջ է, սակայն այդ ընթացքում իմ անձնագրի ժամկետը լրանում է, եւ ես պետք է նոր անձնագիր՝ նույնականացման քարտ ձեռք բերեմ, արդյոք նոր անձնագիրը՝ նույնականացման քարտը, ինչ-ինչ դժվարություններ կարո՞ղ է առաջացնել, քանի որ գործարքը կնքվել է հին անձնագրով:

Արթուր Կարապետյան (29 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ցանկացած դեպքում նոր նույնականացման քարտ եւ անձնագիր ստանալը անձի իրավունքն է: Նշված հանգամանքը որեւէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ անձի կողմից սկսված գործարքը շարունակելու համար: Պրակտիկայում, անհրաժեշտության դեպքում, անձից պահանջվում է նոր փաստաթուղթը ստանալու վերաբերյալ տեղեկանք: Անձնագրային ծառայության կողմից տեղեկանքում նշվում է հին եւ նոր փաստաթղթերի տվյալները:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իրականում նույնականացման եւ կենսաչափական քարտերի շրջանառության մեջ հայտնվելը բազմաթիվ խնդիրների մեջ է գցել մեր քաղաքացիներին: Օրինակ` բազմաթիվ ընկերություններում հրաժարվում են գործարքներ կատարել նույնականացման քարտով՝ պատճառաբանելով, թե առայժմ իրենց համակարգչային ծրագրերը չեն ընդունում նույնականացման քարտը: Չհաշված այն, որ նույնականացման եւ կենսաթոշակային քարտեր ձեռք բերելու համար քաղաքացիները դեռ մի բան էլ պետք է 3.000 եւ 25.000 դրամ վճարեն, ինչն, իհարկե, բավականին լուրջ բեռ է սոցիալական խնդիրների տակ կքած ՀՀ քաղաքացիների համար:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն բեռնափոխադրումների վերահսկողությունը սահմանին:

Հայկ Կարապետյան (39 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Չնայած բեռնափոխադրումներն իրականացվելու են Վրաստանի տարածքով տարանցիկ, սակայն որպես Մաքսային միության մեկ ընդհանուր տարածք՝ սահմանային վերահսկողությունը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության սահմանին. ՀՀ տարածքից դուրս գալուց դրա վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցվի ռուսական կողմին, իսկ Վրաստանի տարածքով բեռը կփոխադրվի կապարակնքված վիճակում, տարանցիկ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ-ին անդամակցությունից Հայաստանի սպասելիքները գնալով ավելի ու ավելի անորոշ են դառնում: Ռուսաստանի տնտեսության ճգնաժամային վիճակը հետզհետե ավելի ու ավելի բացասական ազդեցություն է ունենում ԵՏՄ անդամների եւ հատկապես Հայաստանի տնտեսության վրա: Եվ այսօր անգամ այն ոչ մեծ դրական փոփոխությունները, որոնք ակնկալվում էին այս միությունից, հասցվել են գրեթե զրոյական մակարդակի: Իրավիճակը կարող է փոխվել միայն գլոբալ` աշխարհաքաղաքական ստաբիլիզացիայի արդյունքում, ինչն էլ այս պահի դրությամբ իրատեսական չէ:




Լրահոս