Լևոն Զուրաբյանը երեկվա հարցուպատասխանը «թատերական ներկայացում» անվանեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ նիստում ՏՄՊՊՀ 2015թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթի սկզբում նախ անդրադարձավ երեկ կառավարության հարցուպատասխանին, որի ժամանակ տեղի ունեցածը նա անվանեց «թատերական ներկայացում»:

Զուրաբյանի խոսքով` այդ ներկայացման միակ նպատակն այն էր, որ ընդդիմությանը զրկեն կառավարությանը ժողովրդին հուզող հարցեր տալու հնարավորությունից և հարցուպատասխանի ողջ ժամանակը զբաղեցնեն հանրապետականների՝ նախապես պատրաստված գրավոր հարցերով:

«Պատահական չէր, որ ԱԺ այս քառօրյան սկսեցի՝ անդրադառնալով տնտեսության ողորմելի վիճակին: Թվերն ահավոր են. անցյալ տարվա հունվար-փետրվար ամիսների հետ համեմատած` առևտրաշրջանառությունն ընկել է 28%-ով, արտահանումը՝ 25%-ով, ներմուծումը՝ 28.5%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝16%-ով, իսկ 19%-ով ավելացել է գործազուրկների թիվը»,- նշեց Զուրաբյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ եթե մոտակա ամիսներին չձեռնարկվեն արատավոր համակարգը կազմաքանդելու և մրցակցություն ապահովելու արմատական քայլեր, Հայաստանին սպասվում են շատ ծանր ժամանակներ, տնտեսական փլուզում, հարվածներ մեր անվտանգությանն ու կայունությանը, որի ամբողջ պատասխանատվությունը կիսում է Սերժ Սարգսյանի իշխող ռեժիմը:

Լ. Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե երեկ` կառավարության հարցուպատասխանի ժամանակ, տեղի ունեցածը տեղավորվում է ԱԺ կանոնակարգ օրենքի շրջանակում:




Լրահոս