Ադրբեջանը լայնամասշտաբ կերպով վերադիրքավորո՞ւմ է իր զորքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ` Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 5-ին լայնածավալ տակտիկական զորավարժություններ կանցկացնեն բոլոր տեսակի զինված ուժերի մասնակցությամբ: Առաջին անգամ զորավարժությունները կանցկացվեն գիշերվա ժամերին. ընդգծվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցի 15 հազար մարդ, 200 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 300 հրթիռային ու հրետանային համակարգ, 12 ռազմական ուղղաթիռ ու 8 ռազմական ինքնաթիռ:

Զորավարժություններին կներգրավվեն նաև հակառազմաօդային պաշտպանության ուժերը, որոնք հագեցած են զենիթահրթիռային համակարգերով:

Հավելենք, որ չի բացառվում, որ զորավարժությունների անվան տակ Ադրբեջանն իրականում զորքերի վերադիրքավորում է կատարում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները հայտնել էին, որ ադրբեջանական զինուժը շարունակում է Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղից վերև էքսկավատորով նոր խրամատների փորման աշխատանքները: Այդ աշխատանքների նպատակն է սահմանագոտում նոր հենակետերի կառուցումը:




Լրահոս