Պետք է ոչ թե Էրդողանին SMS-ներ ուղարկենք, այլ հարցը բարձրացնենք միջազգային ամբիոններում. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խմբակցության անունից ելույթ ունենալիս նշեց, թե ի սկզբանե չէր ցանկանում խոսել, սակայն զարմացած է հնչած կարծիքներից: Նշենք, որ խորհրդարանում քննարկվում էր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը, որով կոչ է արվում բոլոր երկրների խորհրդարաններին և միջխորհրդարանական կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն:

«Ինձ թվում էր, որ հայտարարությունը, որը ընդամենը կոչ է, պետք է այսպիսի բուռն քննարկման առարկա չդառնար և ընդունվեր միաձայն: Սակայն քննարկումների ուղղությունը մեզ տարավ բացարձակապես այլ տեղ: Այստեղ հնչեցին ինձ համար անհասկանալի գնահատականներ, որ արտաքին քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է լինի: Սա ինձ համար բացարձակապես անհասկանալի օրակարգ է: Ուղղակի անհարմար է, երբ որ հիմա մեզ հետևեն ոչ բարեկամ երկրների խորհրդարանները և տեսնեն, թե այստեղ ինչեր են հնչում», – ընդգծեց նա:

Պատգամավորի խոսքով` այն երկրները, որոնք մինչ այժմ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առաջնորդվում են երկու շահով` քաղաքական և տնտեսական: «Չկա որևէ երկիր, որն այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ, չհամարի ցեղասպանություն է: Բայց այն երկրները, որոնք չեն ընդունել, դա անում են Թուրքիայի հետ ունեցած իրենց շահերի պատճառով: Ինձ համար անհարմար է, որ հետևում են այլ երկրների խորհրդարաններ, և այսօր այս հարցը տանում ենք քննարկման այլ տիրույթ և փորձում ենք տանել հակադրությունների դաշտ, որը պատիվ չի բերում այստեղ նստած ոչ մի քաղաքական ուժի», – հավելեց նա:

Նա նշեց, որ ինքն այս նախագծի վերաբերյալ վերապահումներ ունեցել և հայտնել է, բայց հավելեց, որ արտաքին քաղաքականության օրակարգում չլինելու փաստարկները չի ընդունում:

«Մենք ոչ թե պետք է այս ամբիոնից Էրդողանին նամակներ, SMS-ներ ուղարկենք, ինչը ինձ համար պարզունակ հայտարարություններ են, այլ դա մենք պետք է անենք միջազգային հարթակներում: Հասկանալի է, որ ճիշտ կլիներ, որ այն ընդունվեր մինչ ապրիլի 24-ը», – եզրափակեց նա:




Լրահոս