«Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ի գլխին սեւ ամպեր են կուտակվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին այս ընկերության դեմ երկու դատական հայց է ներկայացվել՝ խոշոր չափի գումար բռնագանձելու պահանջով: Ընդ որում, դատարանը բավարարել է հայցվորներից մեկի` «Գազպրոմ Արմենիայի» միջնորդությունը՝ «Հրազդան ցեմենտ» գործարանի գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ցեմենտի գործարանը 2013թ. սնանկ ճանաչվելուց հետո գրավադրվել էր, այնուհետեւ անցել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի կառավարմանը՝ վերանվանվելով «Ցեմենտ սերվիս» ՍՊԸ: Այս պահին գործարանի ճակատագիրը անորոշ է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Հրազդան ցեմենտ» («Միկա-Ցեմենտ») ՓԲԸ-ի եւ պահանջել բռնագանձել 1 մլրդ 125 մլն 531 հազար 499 դրամ: Հայցվորը՝ տվյալ դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, միաժամանակ դատարանից խնդրել է հայցի ապահովման համար հայցագնի չափով արգելանք դնել պատասխանողին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա:
Դատարանն էլ, ուսումնասիրելով գործը, որոշել է, որ միջնորդությունը հիմնավորված է եւ ենթակա է բավարարման: Արդյունքում 1 մլրդ 125 մլն 531 հազար 499 դրամի չափով արգելանք է դրվել «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Գործով դատաքննությունը դեռ շարունակվում է:
«Ժողովուրդ»-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացավ, որ «Հրազդան ցեմենտ» գործարանը պարտք է 2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների սպառած գազի վարձը:
Բացի «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից՝ «Հրազդան ցեմենտ» գործարանի դեմ գումարի բռնագանձման պահանջով դատական հայց է ներկայացրել նաեւ «Մոսեսքո» ՍՊԸ-ն: Նշենք, որ այս ընկերությունը ֆիլտրեր, քսուքներ եւ քիմիկատներ ներմուծող ընկերություն է:
«Մոսեսկո» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Գրիգորյանը նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին միջնորդել է դատարանին հայցագնի՝ 12 մլն 383 հազար 724 դրամ գումարի չափով արգելանք դնել «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա: Ըստ ընկերության տնօրենի՝ «Հրազդան ցեմենտ»-ը խուսափում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները, իսկ նման իրավիճակը ողջամտորեն հիմք է տալիս ենթադրելու, որ պատասխանողը հետագայում եւս կարող է խուսափել կամ քայլեր ձեռնարկել դատական ակտի կատարումը անհնարին դարձնելու կամ դժվարացնելու ուղղությամբ:
Սակայն դատարանը գտել է, որ «Մոսեսկո»-ի միջնորդությունը ենթակա է մասնակի բավարարման, քանի որ տվյալ դեպքում հայցվորը միջնորդել է արգելանք դնել «Հրազդան ցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ դրամական միջոցների, այսինքն` ե՛ւ գույքի, ե՛ւ դրամական միջոցների վրա: Արդյունքում դատարանը որոշել է «Մոսեսկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի միջնորդությունը հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, բավարարել մասնակի եւ հայցագնի 12 մլն 383 հազար 724 դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանող «Հրազդան ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող գույքի վրա:
Իսկ «Մոսեսկո» ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանի միջնորդությունը` «Հրազդան ցեմենտ» ընկերությանը պատկանող դրամական միջոցների վրա հայցագնի չափով արգելանք դնելու մասին, դատարանը մերժել է: Այս գործով դատաքննությունը նույնպես շարունակվում է:
Բացի այս՝ «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ն ունի նաեւ 509 մլն դրամի պարտք, որից 141 մլն դրամը մայր գումարն է, իսկ 367-ը՝ տույժ: Ի դեպ, գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը ապրիլի 3-ին հանրային խորհրդի կողմից արդյունաբերության զարգացման թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ընկերության գործունեության դժվարությունների վերաբերյալ ներկայացրել է իր դժգոհությունները: Նրա խոսքով, ցեմենտի արտադրության ծավալների նվազման հետեւանքով ընկերությունը չի կարողացել հարկերը ժամանակին վճարել, դրանց ավելացել են տույժերն ու տուգանքները, ինչի արդյունքում գործարանը հայտնվել է ծանր վիճակում: Տնօրենը հանրային խորհրդի նախագահին խնդրել է համապատասխան մարմիններին առաջարկել տրամադրել ժամանակացույց այդ տույժերի մարման համար, քանի որ ներկա պահին ընկերությունը հնարավություն չունի մարելու այդ գումարները: Սակայն դեռ արձագանք չկա:
Տեղեկացնենք, որ գործարանը տեւական ժամանակ է, ինչ չի աշխատում: Իսկ թե երբ այն նորից կսկսի արտադրանք թողարկել, հայտնի չէ: Ի դեպ, այս օրերին տարբեր խոսակցություններ են պտտվում գործարանի հնարավոր վաճառքի մասին: «Ժողովուրդ»-ը գործարանի առաջ ծառացած խնդիրների շուրջ զրուցեց նաեւ ընկերության տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի հետ, ով տեղեկացրեց. «Այս պահին դեռ արտադրանք ունենք, որը չի վաճառվել: Այն վաճառելուց հետո կմտածենք գործարանը շահագործելու մասին: Հիմա չենք կարող: Դեռ ցեմենտ ունենք»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ