ՔՈՔՈԲԵԼՅԱՆԸ ԽԱԲԵ՞Լ Է ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո մինչեւ օրս դեռ որոշված չէ, թե ով է նրան փոխարինելու խորհրդարանում: «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
-Պարո՛ն Հակոբյան, ի վերջո, Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ո՞վ է խորհրդարան գնալու, արդեն որքան ժամանակ է՝ այդ հարցը առկախվել է:
-Դե արդեն Ազգային Ժողովի նախագահի կողմից ուղարկվել է թուղթը, պարզ ընթացակարգ է, եթե չեմ սխալվում, մեկ-երկու օրից պետք է արդեն գրանցեն որպես պատգամավոր մեր ցուցակից:
-Այսինքն՝ արդեն կուսակցության կողմից հստակ որոշվա՞ծ է, թե ով է Հովհաննիսյանին փոխարինելու խորհրդարանում:
-Այո՛, իհարկե որոշված է, մեր համամասնական ցուցակում որեւէ տեղաշարժ չի եղել, եւ ըստ այդմ՝ ցուցակով պատգամավոր կդառնա Թեւան Պողոսյանը, որը 6-րդ տեղում էր գտնվում:
-Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Թեւան Պողոսյանն ինքնաբացարկ էր հայտարարելու, որպեսզի «Ժառանգություն»-ից որեւէ մեկը ԱԺ գնար:
-Ո՛չ, ո՛չ, նման բան չկա, Թեւան Պողոսյանն է համամասնական ցուցակով հաջորդը, եւ ինքն էլ գալու է խորհրդարան ու վերջ:
-Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն էլ ցանկանում էր, որպեսզի իրենց թեկնածուն՝ Մասիս Այվազյանը, փոխարիներ Հովհաննիսյանին:
-Չէ՛, ես առաջին անգամ եմ նման բաներ լսում, որ իրենք ուզում են՝ իրենց թեկնածուն գա, ես նման տեղեկություն չունեմ:
-Այսինքն՝ «Ժառանգություն»-ը մանդատի խնդրով որեւէ տարաձայնություն չունի՞ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ:
-Այն, որ իրենք ուզում են՝ իրենց թեկնածուն խորհրդարան գնար, ես դրա մասին առաջին անգամ եմ լսում:
-Բայց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Ազատ դեմոկրատներ»-ի առաջնորդ Խաչիկ Քոքոբելյանի հետ պայմանավորվել էր, որպեսզի իր հրաժարականից հետո հրաժարական տար նաեւ Քոքոբելյանը՝ տեղը զիջելով երիտասարդներին: Սակայն Քոքոբելյանն իր խոստումը չի կատարել:
-Պարոն Քոքոբելյանն այս պահին Հայաստանում չէ, բուժման նպատակով գտնվում է արտերկրում, առաջիկայում կգա եւ Ձեր նշած հարցին կպատասխանի: Ձեր հարցերն այդ ժամանակ կուղղեք պարոն Քոքոբելյանին:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
-Տեղեկություններ են շրջանառվում, որ Ր. Հովհաննիսյանի փոխարեն ԱԺ մանդատ ստանալու հարցը Ձեր կուսակցության եւ «Ժառանգության» միջեւ ներքին լարվածություն է ստեղծել:
-Որեւէ վիճաբանություն չի եղել, մենք չենք կարող լարվածություն ունենալ, քանի որ դա քվոտաներով է, դա «Ժառանգության» տեղն է: Մենք որեւէ խնդիր չունենք: Մենք երբեւէ խնդիր չենք էլ ունենալու:
-Իսկ ինչպե՞ս կբացատրեք այն, որ Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, թե Քոքոբելյանը խախտել է իրենց միջեւ առկա պայմանավորվածությունը:
-Արդեն հաղորդագրություն ենք տվել մեր մամլո խոսնակի միջոցով, եւ դա շատ սպառիչ բացատրություն ունի:
Հ.Գ. Նշենք, որ ԱԴԿ-ի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ «նման պայմանավորվածություն Հովհաննիսյանի եւ Քոքոբելյանի միջեւ չի եղել»: Իսկ ԱԴԿ փոխնախագահ Անուշ Սեդրակյանը «Ա1+»-ին ասել է, թե չի բացառում, որ երկու ուժերը միմյանցից անկախ գործունեություն վարեն. «Մեր կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այժմ դրսում է, եւ արդեն քանի անգամ նրա՝ դրսում գտնվելու հետ մեկտեղ նրա մեջքի հետեւում արվում են որոշակի հայտարարություններ»: Իսկ Արզումանյանն ասում է, թե լարվածություն չկա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս