ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում նշում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահաները ԼՂ հակամարտության կարգավորման հարցով կարող են հանդիպել մինչ տարեվերջ:
Հայտարարության մեջ տեղեկացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և առանձին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
«Մենք նախարարներից յուրաքանչյուրի հետ զրույցում շեշտեցինք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությունն ավելի ինտենսիվ դարձնելու ու այս տարեվերջին հանդիպելու նախապատրաստությունների կարևորությունը: Նախարարները համաձայնել են շարունակել համանախագահների հետ միասին միմյանց հետ հանդիպել՝ կառուցելու նախագահների քննարկումների օրակարգը, ինչպես նաև ողջունել են համանախագահների՝ մոտ ապագայում տարածաշրջան այցը»,- ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված մամլո հաղորդագրության մեջ:
Համանախագահները նաև անդրադարձել են մայիս 3-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանակ ընտրություններին՝ նշելով, որ կարևորում են Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իր ապագան վճռելու իրավունքը , «սակայն համանախագահ երկրները չեն կարող ճանաչել ԼՂ որպես անկախ պետություն և հետևաբար չեն ընդունում ընտրությունների արդյունքները»: