ՀՀ ԱԺ-ում շարունակվում են «Համայնքների խոշորացում» թեմայով խորհրդարանական լսումները: Նիստը նախագահող Ստեփան Մարգարյանը նշեց, որ քննարկման առարկան շատ լուրջ է, քանի որ խոշորացումը պետության կյանքում ամենակարևոր մասշտաբային ռեֆորմներից է:
Ստեփան Մարգարյանն ընդգծեց, որ այսօր Հայաստանն ունի թույլ ինքնակառավարման համակարգ՝ ֆինանսական հնարավորությունների ու բնակչության կողմից օբյեկտիվ վերաբերմունքի առումով:
Պատգամավորը նշեց, թե ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ ազգաբնակչության մոտ պատկերացումների բացակայություն կա: «Ազգաբնակչության մոտ գերակշռում է հետևյալ հարցը, «Իսկ ի՞նչ եմ ստանում ես, որպես համայքնի բնակիչ. այս հարցի պատասխանը պետք է կարողանալ տալ»,- ընդգծեց նա:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ ոչ մի գյուղապետի հաստիք չի կրճատվել: Անդրադառնալով հանրաքվեներին, նա նշեց, թե դա արվել է Սահմանադրությանը համապատասխան, քանի որ պետք է հաշվի առնվի նաև բնակչության կարծիքը: Միանշանակ, նա նշեց, որ այդ հանրաքվեն պետք է ուղղորդիչ նշանակություն ունենա Ազգային ժողովի համար:
Տերտերյանը նշեց, թե համայնքների ղեկավարների և բնակչության հետ մեծ թվով հանդիպումներ են եղել, որոնք սկզբում բարդ ընթացք են ունեցել: