Armlur.am-ի խմբագրություն զանգահարած կինը Նոր Նորք վարչական համայնքի 83-ամյա բնակչուհի Յասոյան Ժենյան դժգոհեց, որ Նելսոն Ստեփանյան փողոցի 10 շենքի (նախկին 22) աղբահանության խնդիրը չի լուծվում: Տիկինը նշեց, որ աղբը կուտակվել է, ստեղծվել է հակահիգիենիկ իրավիճակ, ինչը դժվարացնում է շենքի բնակիչների առօրյան:
Armlur.am-ը կապ հաստատեց վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հետ` հասկանալու, թե ինչու է աղբահանության խնդիր առաջացել: Վերջինս նախ զարմացավ` նշելով, թե նման բան լինել չի կարող: Այնուհետև, նա ասաց, որ այժմ Մոսկվայում է գտնվում, սակայն իր տեղակալի միջոցով խոստացավ հարցին լուծում տալ:
Ա. Ուլիխանյանի տեղակալ Արմեն Ալավերդյանը մեզ տեղեկացրեց, որ մարդ են ուղարկել նշված հասցեով, որպեսզի իրավիճակին ծանոթանան: Համայնքի ղեկավարի տեղակալը քիչ հետո մեզ փոխանցեց, որ նշված հասցեում աղբահանության խնդիր չկա և շենքի քիչ հեռու տեղադրված աղբամանները դատարկ են:
Ալավերդյանը պարզաբանեց, որ խնդիրն այլ է: Վերջինս կապ էր հաստատել Յասոյան Ժենյայի հետ, ով ասել է, որ իրենց հարևանները աղբը շենքի պատուհաններից ներքև են գցում, այդ պատճառով ստեղծվել է հակահիգիենիկ վիճակ: «Մենք ինչպես կարող ենք դա վերահսկել: Ամեն դեպքում, մենք կմաքրենք շենքի տարածքը և համատիրությանը կզգուշացնենք այդ մասին: Բայց խնդրին վերջնական լուծում տալու համար պետք է իրենք հավաքվեն շենքի բնակիչներով և սաստեն նրան, ով նման բան է անում»,- ասաց Արմեն Ալավերդյանը: