ԱՅՍ ՄԻ ՓԱՄՓՈՒՇՏՆ ԷԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը որոշել է նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություննեում  պաշտոնապես չաջակցել ո՛չ գործող նախագահ Բարաք Օբամային, ո՛չ էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Միթ Ռոմնիին: Այդ մասին երեկ  պաշտոնապես հայտարարել է ՀԴ գրասենյակի նախագահ Քեն Խաչիկյանը` նշելով. «ԱՄՆ կառավարությունը, լրատվամիջոցները եւ քաղաքացիական հանրությունը, հայերի հարցով ԱՄՆ-ի Դաշնային քաղաքականությունը, ցավոք, շարունակում են մնալ Անկարայի եւ Բաքվի գերիները»: Այս աննախադեպ որոշմամբ, ըստ էության, ԱՄՆ Հայ դատի գրասնյակը  խոստովանում է իր լոբբիստական գործունեության ձախողման մասին: Իրականում սա բավական լուրջ քայլ է, որի հետեւանքներն այս պահին նախընտրական ինտրիգների մեջ  խորացած Հայաստանի քաղաքական շրջանակների համար գուցե տեսանելի չեն, բայց դրանք հաստատ զգալի կլինեն ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: Ավանդաբար ԱՄՆ Հայ դատի գրասենյակն ընկալվել է ԱՄՆ իշխանությունների համար կարեւոր կառույց, որի կարծիքն ու տրամադրությունները որոշակիորեն հաշվի են առնվել ԱՄՆ առնվազն վերջին 5 նախագահների կողմից: ԱՄՆ նախագահի թեկնածուներն իրենց նախընտրական քարոզարշավների ընթացքում մշտապես խոստումներ են տվել հայ համայնքին` հետամուտ լինել Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին: Վերջին եւ, ըստ էության, ամենահավաստի թվացող նման խոստումը, ինչպես հիշում ենք, տրվեց գործող նախագահ Բարաք Օբամայի կողմից 2008թ.-ին: Այդ ժամանակ թվում էր` եզակի քաղաքական պատեհություն էր ստեղծվել, որպեսզի ԱՄՆ նախագահն իր առաջին ապրիլքսանչորսյան ուղերձում վերջապես հիշատակի Հայոց Ցեղասպանության մասին: Սակայն ի՞նչ տեղի ունեցավ. տեղի ունեցավ այն, որ իր «հանճարեղ» նախաձեռնողական քաղաքականությամբ Սերժ Սարգսյանը փչացրեց ամեն ինչ: 2009թ. Օբամայի առաջին ապրիլքսանչորսյան ուղերձից երկու օր առաջ հայ-թուրքական ճանապարհային քարտեզի մշակման մասին հայտարարությամբ, ըստ էության, ջուրը լցվեց ԱՄՆ-ի հայկական կառույցների, այդ թվում եւ` ԱՄՆ Հայ դատի գրասենյակի տարիների աշխատանքը: Եւ ամենեւին էլ պատահական չէ, որ հայ-թուրքական ձախողված գործընթացից հետո արդեն այս ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածուներից եւ ոչ մեկը նախկինի նման շեշտադրում չի կատարում Հայոց Ցեղասպանության խնդրի ճանաչման վրա: Ավելին, թեկնածուներն անգամ չեն պատասխանել հայ համայնքի մինչընտրական դիմումներին, ու այս հայտարարությունը, ըստ էության, Հայ դատի գրասենյակի  վիրավորանքի  եւ անզորության արձանագրում է:  Եւ այս ամենը` Ցեղասպանության 100-երորդ տարելիցի նախաշեմին: Մինչդեռ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այս կապակցությամբ ասել է, թե ԱՄՆ նախագահի թեկնածուները այժմ ավելի լուրջ մոտեցում են ցուցաբերում` չցանկանալով տալ խոստումներ, որոնք չեն իրականացնելու: Ասել է թե` «Դաշնակցություն»-ն արդեն ի սկզբանե հաշտվել է այն մտքի հետ, որ 100-երորդ տարելիցից առաջ ԱՄՆ-ը չի ճանաչելու Հայոց  Ցեղասպանությունը:




Լրահոս