ԻՆՉՈ՞Ւ ՉԵԿԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես նկատել եք, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն ամեն անգամ մենամարտերից հետո գալիս էր Հայաստան: Սակայն օգոստոսի 25-ին Բեռլինում կայացած մենամարտից հետո (այս մարտում Աբրահամը նվաճեց WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը) բռնցքամարտիկը չեկավ Հայաստան: «Ժողովուրդ»-ն Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանի միջոցով պարզել է, թե ինչու բռնցքամարտիկն այս անգամ չեկավ հայրենիք: «Վերջին մենամարտից հետո օրեր շարունակ ամենօրյա հանդիպումներ էի ունենում գերմանական լրատվամիջոցների հետ, որից հետո երկօրյա գոլֆի փառատոն անցկացրի Բեռլինում` անվանի հասարակական, մշակութային, մարզական գործիչների մասնակցությամբ, այնուհետեւ մասնակցեցի Բեռլինի ամենամյա մարաթոնին եւ այլ միջոցառումների: Ամեն դեպքում, որոշեցի ժամանակ գտնել եւ գալ Հայաստան, մանավանդ որ հրավիրված էի հոկտեմբերի 20-ին ներկա գտնվել Ապարան տանող ճանապարհին՝ Տառերի պուրակի մոտ, Սուրբ խաչի բացմանը: Ու թեեւ արդեն Հայաստան գալու տոմսերը ձեռք էի բերել, սակայն այս այցն էլ հետաձգեցի, քանի որ նույն օրը պետք է մեկնեի Մայամի` ներկա գտնվելու World Boxing Organization-ի կազմակերպած` աշխարհի չեմպիոնների մասնակցությամբ կայանալիք միջոցառմանը»,-նշել է մարզիկը:
Բռնցքամարտիկի մամլո խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ Բեռլինում հանրային միջոցառումներին զուգահեռ` Աբրահամը ամենօրյա մարզումների մեջ է (օրական 2 անգամ). պատրաստվում է դեկտեմբերի 15-ին Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայանալիք մենամարտին, որտեղ պետք է պաշտպանի աշխարհի չեմպիոնի իր գոտին` Ֆրանսիան ներկայացնեղ Մեհդի Բուադլայի դեմ:




Լրահոս