Ինչու ԲՀԿ-ն Վարդան Պետրոսյանի դեպքում ստորագրահավաք չկազմակերպեց, ինչպես արեց իր կուսակցի պարագայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչու ԲՀԿ-ն, օրինակ, դերասան Վարդան Պետրոսյանի համար ստորագրահավաք չկազմակերպեց, որպեսզի խափանման միջոց կալանավորումը փոփոխվեր: Այս հարցը շատերի մոտ առաջացավ այն բանից հետո, երբ ԲՀԿ նախկին պատգամավոր, 73-ամյա Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ ստորագրահավաք անցկացվեց Ազգային ժողովում, որն իր արդյունքը տվեց:

Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով Armlur.am-ի բարձրացրած այս հարցին, ասաց.«Եթե կան օրենքի հետ կապված խնդիրներ, բացարձակ դրանք չպետք է քաղաքականացնել: Ինչ վերաբերում է Գոհար Ենոքյանին, դուք գիտեք, որ նա մեր խմբակցության պատգամավորն է եղել, վաստակաշատ մարդ է, և այստեղ խնդիրը գնացել է այն մասին, որ ինքն առողջական խնդիրներ ունի և տարիքը հաշվի առնելով` փորձենք խափանման միջոցը փոխել և նորից գործընթացները կատարվեն: Այս առումով Նաիրա Զոհրաբյանն ու կուսակցությունը ձեռնարկեցին նման բան և դա իր արդյունքը ունեցավ: Ուղղակի այս փուլում համընկավ, որ ինքը մեր կուսակցության անդամ էր, մենք լավատեղյակ էինք այդ գործընթացին: Իսկ լայն առումով ցանկացած գործընթաց կախված անձից չպետք է տուժի»,- մանրամասնեց Մելքումյանը:

Հարցին` ինչո՞ւ ԲՀԿ-ն Վարդան Պետրոսյանի համար ևս ստորագրահավաք չկազմակերպեց, հաշվի առնելով այն փաստը, որ վերջինս ևս առողջական խնդիրներ ուներ, Մելքումյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, անձամբ ես այդ մասին չեմ մտածել: Կուսակցությունն  ինքն է որոշում, միանձյա ոչ մի բան չի որոշվում: Հետո հարցը քննարկվում է և որոշում կայացվում: Ձեր նշած այդ հարցը չի քննարկվել»:

Նշենք, որ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, «Գարուն» ԲԲԸ գործադիր տնօրեն, 73-ամյա Գոհար Ենոքյանը կասկածվում է իր նախկին կուսակցի` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: Նա մայիսի 4-ին ձերբակալվել էր, իսկ այնուհետև նրա նկատմամբ գլխավոր դատախազի որոշմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ երկրից չհեռանալը:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ շրջանառվող լուրերի համաձայն, Գոհար Ենոքյանի և Կարո Կարապետյանի միջև «հակամարտություն» էր սկսվել պարտք ու պահանջի պատճառով: Կարո Կարապետյանը պարտքով 8,5 միլիոն դրամ էր տվել Գոհար Ենոքյանի եղբոր դստեր ամուսնուն, ովքեր հրաժարվել են վերադարձնել պարտքը: Այս հանգամանքն էլ պատճառ է դարձել լարված հարաբերությունների առաջացման համար:




Լրահոս