Հայաստանի կրթական համակարգը դարձել է ավելի ճկուն, ավելի դյուրազգաց փոփոխությունների նկատմամամբ: Բոլոնիայի հիմնական նպատակը կոնկրետ մեր երկրի համար բարձրագույն կրթական մակարդակը եվրոպական գիտակրթական ընդհանուր տարածքի մաս դարձնելն է: Այս մասին Եվրոպական
բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ նոր համակարգը պահպանել է հին կրթական համակարգի լավագույն մասերը: «Մենք, կախված իրավիճակից և ժամանակից, շատ արագ կարողանում ենք փոփոխությունների ենթարկվել: Ուսանողն այսօր ընտրության հնարավորություն ունի: Ես կարծում եմ, որ այս բոլորը մեծ առավելություններ են, որ չկային նախկին Խորհրդային Միության բարձրագույն կրթական համակարգում: Ցավոք, մենք այսօր շատ քիչ ենք խոսում մեր կրթական համակարգի որակի մասին: Կրթական համակարգում մենք ունենք բազում խնդիրներ, բայց մեր բարձրագույն կրթության համակարգը անհամեմատելի է նախկինի հետ»,- նշեց նա: