ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծես թե սկսել է նախագահական ընտրությունների իր քարոզարշավը: Նրա մասին Հ1-ն արդեն ճանաչողական ֆիլմ է նկարահանել՝ պատմելու, թե ինչպես է «գործից դուրս» իր կիրակին անցկացնում Սեյրան Օհանյանը:
Մեր գործընկեր Էրիկ Անթառանյանն անում է հնարավորը՝ բացահայտելու Սեյրան Օհանյանին ոչ միայն որպես նախարարի, այլ հոր, մարդու եւ ընկերոջ կարգավիճակում: Եւ ակնհայտ երեւում է, որ իշխանական էլիտայում արդեն որոշել են՝ Սերժ Սարգսյանի հավանական ժառանգորդների շարքում պետք է դոմինանտ դառնա հենց Օհանյանը:
Եւ այսպես, ֆիլմը սկսվում է մի երկու կարծիքներով, թե ով է նախարարը որպես ընկեր կամ մարտական ընկեր: ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը պատմում է, թե ինչպես է քաջությամբ սառցակալած ջուրը մտնում Օհանյանը կամ «լիցքավորվում» իր երկու անչափահաս երեխաներով: Տեսանյութի թերեւս ամենաանհարմար պահը Սեյրան Օհանյանի՝ առավոտյան մարմնամարզության կադրերն են. նա «տուռնիկի» վրա ձգվում է, մարզում մարմինը: Ճիշտ եւ ճիշտ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նման: Թե ինչքանով դրական ազդեցություն կունենա Քոչարյանի հետ ասոցացիան Օհանյանի վրա, ցույց կտա ժամանակը: Բայց մի բան փաստ է՝ ՀՀ պաշտպանության նախարարը փորձում է ընդգծել, որ առողջ է, մարտունակ եւ չի հոգնում: Նա լողավազանում լողում է ավագ որդիների հետ, որոնցից մեկը սպա է, մյուսը՝ քաղաքացիական կյանքով է ապրում: Եւ հենց լողավազանում մեկնաբանի հետ խոսում է զորամասերի մարտունակությունից:
Այնուհետեւ Էրիկը վարում է նախարարի մեքենան, եւ կիրակի օրով գնում են Տավուշի մարզի զորամասերից մեկը՝ ստուգումների: Հ1-ի նկարահանող խումբը նախարարի հետ ստուգում է զորամասը, ճաշում զինվորների հետ եւ գնում խրամատ: Այստեղ Օհանյանը ծանոթանում է զինծառայողների հետ, պարզում է, որ մի 30-ամյա զինվոր դեռ չի ամուսնացել, եւ հենց տեղում խոստանում է «լավ աղջիկ գտնելու» պարագայում օգնել ամուսնության հարցում:
Այնուհետեւ նախարարն իջնում է գյուղամեջ: Մարդիկ հավաքված՝ տարբեր հարցեր են բարձրացնում, սակայն նա օդամղիչ հրացան է նվիրում ավագ լեյտենանտին, եւ կադրերն այդքանով ավարտվում են: Այսինքն՝ նախարարի գովազդը դեռ կառուցվում է ՊՆ-ի շրջանակներում, այլ ոչ թե գյուղի ճանապարհաշինարարության կամ այլ հարցերը լուծելու միջնորդությամբ:
Մի խոսքով, ողջ ֆիլմի մեջ կարմիր գծով անցնում է այն միտքը, որ նախարարն օրնիբուն աշխատում է՝ առանց հանգստի, նույնիսկ ընտանիքի հետ անցկացնելու ժամանակը զոհելով: Դրա համար էլ երբեմն նախարարի տիկինը՝ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը, ստիպված է լինում անչափահաս երեխաների հետ «հետապնդել» Ս. Օհանյանին եւ նրան հանդիպելու համար հասնել սահմանամերձ առողջարանում գտնվող նախարարի առանձնատունը (պաշտոնական): Եւ, ահա, այստեղ Սեյրան Օհանյանը ընդգծված հայտնում է, որ տան դիզայնի հարցերով «զբաղվել է գեղեցկուհի Ռուզաննան»: Այստեղ նախարարը մի «բացթողում» էլ է անում՝ հայտնելով, որ ամեն մարդ պետք է հրամանատար լինի իր գործում՝ արձանագրելով, որ տան հրամանատարը տիկին Ռուզաննան է: Սակայն տիկինը անմիջապես գլխի է ընկնում եւ «փրկում» իրավիճակը՝ հայտարարելով, որ տան գերագույն գլխավոր հրամանատարը Սեյրան Օհանյանն է, որին ինքը ենթարկվում է:
Միմյանց գովաբանելուց հետո նախարարի կինը թեյի սեղան է պատրաստում, եւ ֆիլմում երեւում են թեյախմության կադրեր: Իսկ վերջնակորդը հնչում է արդեն բիլիարդի սեղանի շուրջ: Նախարարը Էրիկ Անթառանյանի հետ բիլիարդ է խաղում, հասցնում 2 «գնդակ նետել» դեպի «դարպասը», եւ այդպես ավարտվում է ֆիլմը:
Մնում է տեսնենք՝ քաղաքական դաշտում ինչ հաջողությամբ «գնդակներ կնետի» նախարարը: Առայժմ նրա թիմի մոտ հակագովազդն է լավ ստացվում, եւ այս ֆիլմով նախարարի իմիջը բավականին անլրջացավ:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում ի սկզբանե որոշված է եղել «Գործից դուրս» խորագրով հաղորդաշար պատրաստել մի շարք նախարարների հետ , որպեսզի Սեյրան Օհանյանի գովազդը ցցուն չերեւա: Սակայն ՀՀ Կառավարության անդամներից որեւէ մեկը չի համաձայնել իր առօրյան կիսել Հ1-ի հետ՝ բացառությամբ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի: Նրա մասին պատմող ֆիլմը շուտով կցուցադրվի: Իսկ թե ինչպես է շարունակվելու հաղորդաշարը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հաղորդման վարող Էրիկ Անթառանյանից. «Դեռեւս այսքանն է եղել, թե հետագայում ինչ կլինի, այս պահին որոշված չէ, ես չեմ կարող ասել՝ ուրիշները կլինեն, թե ոչ: Միտքը միայն նախարարներին նկարահանելը չէ, այլ ընդհանրապես հասարակական-քաղաքական կյանքում կարեւոր նշանակություն ունեցող մարդկանց»:
Թամարա Միքայելյան