Երևան-2015. ստորագրվել է հայ-ռուսական նոր համաձայնագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պաշտոնակցին հրավերն ընդունելու համար՝ շեշտելով, որ Բոլոնիայի գործընթացը լրացուցիչ առիթ է երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար ինչպես Եվրոպական կրթական տարածքում ընդգրկված երկրների, այնպես էլ երկկողմ հարաբերությունների ձևաչափով: Նախարար Ա. Աշոտյանն ընդգծել է, որ բազմակողմ միջազգայնացումը Հայաստանի կրթական առաջնահերթություններից է: Այս համատեքստում Ա. Աշոտյանն ընդգծել է, որ հայ-ռուսական կրթական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:

Մասնավորապես, Երևանում բացվել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը, «Գազպրոմ» ընկերության կողմից արդեն սկսվել է ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցումը, որը գործելու է ՀՀ օրենսդրությանը համաձայն: «Շատ կարևոր է, որ հումանիտար ոլորտում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները նպաստեն երկու պետությունների քաղաքացիների շահերի սպասարկմանը»,- ընդգծել է Ա. Աշոտյանը՝ շեշտելով, որ Դմիտրի Լիվանովի հետ նախորդ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ դպրոցներում հայերենի դասավանդման վերաբերյալ:

Իր հերթին ՌԴ նախարարը, շնորհակալություն հայտնելով Ա. Աշոտյանին ջերմ ընդունելությոն համար՝ ընդգծել է, որ Բոլոնիայի երևանյան նախարարական գագաթաժողովը կազմակերպված է բարձր մակարդակով: «Հայաստանը և Ռուսաստանը պատմականորեն ռազմավարական բարեկամներ են, և կարծում եմ` այդպես կլինի նաև ապագայում»,- շեշտել է Դ. Լիվանովը:

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև՝ Երևան քաղաքում Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի գործունեության պայմանների մասին: Կողմերը հույս են հայտնել, որ նոր համաձայնագիրը կնպաստի Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի գործունեության բերալավմանը և խթան կհանդիսանա, որ բուհը գրավիչ դառնա ոչ միայն ՀՀ, այլ նաև օտարերկրյա ուսանողների համար:

Ըստ ստորագրված նոր համաձայնագրի՝ Հայ-ռուսական համալսարանը ստանում է գիտահետազոտական համալսարանի կարգավիճակ: Մասնավորապես, ամրագրված է, որ համալսարանի հիմնական խնդիրներից է` Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան հաստատած դաշնային պետական կրթական չափորոշիչներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաստատած պետական կրթական չափորոշիչներին և ազգային–տարածաշրջանային բաղադրիչներին համապատասխան հիմնական մասնագիտական կրթական ծառայությունների մատուցում, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի և գիտական-նորարարական գործունեության իրականացում:

Սովորողների պահանջմունքները բավարարելու նպատակով՝ համալսարանը առանձին հիմնական մասնագիտական կրթական ծրագրերով կարող է իրականացնել ուսուցում օտար լեզուներով` կողմերի օրենսդրություններին համապատասխան: Համալսարանի լիցենզավորումը և կրթական գործունեության պետական հավատարմագրումն իրականացվում են երկու պետությունների օրենսդրություններին համապատասխան: Համաձայնագրով նախատեսվում է հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանում երկու պետությունների աջակցությամբ կատարել տեխնիկական վերազինում՝ ստեղծելով ժամանակի պահաջներին համահունչ լաբորատորիաներ:




Լրահոս