Լիլիթ Մովսիսյանի “Ես էլ” ֆիլմը Նյու Յորքում անց կացվող Սիրակուզի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է գլխավոր մրցանակի “Լավագույն օպերատորական աշխատանք” անվանակարգում, ինչպես նաև “Լավագույն հնչյունաշար” և “Լավագույն կարճամետրաժ ֆիլմ” անվանակարգերում՝ ժյուրիի հատուկ հիշատակման:
“Ես էլ”-ը Լիլիթ Մովսիսյանի և “ՏԱՈ փրոդաքշն”-ի առաջին համատեղ ֆիլմն է՝ նկարահանված 2012-ին: Ֆիլմի պատումի առանցքում ուժեղ և միաժամանակ տառապող երիտասարդ տղամարդու հոգեվիճակն է, որ զարգանում է հոգեբուժարանում: Գլխավոր դերերում հանդես են եկել Արսեն Գրիգորյանը, Հասմիկ Մուրադյանն ու Նազենի Հովհաննիսյանը: Ֆիլմի բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է:
“Ես էլ” ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել “Ոսկե ծիրան” երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ այն ընդգրկված էր “Կորիզ” միջազգային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: