Շոուի առումով Հայաստանի ելույթն ամենագեղեցիկն էր. Հայկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին տեղի ունեցավ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբն անցավ եզրափակիչ: Մրցույթի եզրափակիչ փուլը կայանալու է մայիսի 23-ին: «Ժողովուրդ»-ը եվրատեսիլյան թեմաներով զրուցել է երգիչ Հայկոյի հետ, ով Հայաստանն այդ մրցույթում ներկայացրել է 2007-ին:

-Հայկո՛, վստահ ենք` հետեւել եք «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչին: Ի՞նչ տպավորություններ ունեք մրցույթից եւ Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի ելույթից:

-Այո՛, անշուշտ, հետեւել եմ մրցույթին, ինձ շատ դուր եկավ եւ հուզեց Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Գագարինայի եւ Էստոնիայի ներկայացուցիչների ելույթները: Իհարկե, անչափ տպավորված եմ «Genealogy» խմբի ելույթից, կարծում եմ` շոուի առումով Հայաստանի ելույթն ամենագեղեցիկն էր:

-Եզրափակչում մթնոլորտն ու մրցակցությունն էլ ավելի է թեժանալու: Որպես «Եվրատեսիլ»-ի ուղին անցած մեկը` ի՞նչ եք կարծում` ի՞նչը կարող է օգնել մեր մասնակիցներին եւ ինչը` խանգարել:

-Այո՛, մրցակցությունն իսկապես թեժ է լինելու: Ես լսել եմ մի քանի երկրների երգեր, որոնք միանգամից հայտնվել են եզրափակչում, հավանել եմ, օրինակ, Իտալիայի ներկայացուցչի երգը: Ելնելով սեփական փորձից` կասեմ, որ «Եվրատեսիլ»-ի դահլիճն ահռելի է, այնտեղից փոխանցվող էներգիան` հսկայական, ուստի հարկ է լինում հաղթահարել հուզմունքը եւ մտածել միայն լավ ելույթի մասին:

-Հայերը հաճախ լուրջ չեն վերաբերվում «Եվրատեսիլ»-ին, սակայն պետք է խոստովանել, որ այս մրցույթը Հայաստանի պես փոքր երկրի համար երաժշտական մեծ իրադարձություն է եւ դրսեւորվելու լայն հարթակ…

-«Եվրատեսիլ»-ը ամենաշքեղ ու ճոխ երաժշտական մրցույթներից մեկն է, մեզ համար այն, իսկապես, մեծ երեւույթ է: Այո՛, Հայաստանը փոքր երկիր է եւ ապրում է այդ մրցույթով: Ուստի շատ կարեւոր է, որ «Եվրատեսիլ»-ում շատ ձայն հավաքենք, լավ տեղ գրավենք, ինչու ոչ, գոնե մեկ անգամ նաեւ հաղթենք: Ի վերջո, մեր երկրի իմիջը «Եվրատեսիլ»-ի միջոցով էլ կարելի է բարձրացնել:

Եվրոպայում մեր մասնակիցները հնարավորություն են ստանում ամենատարբեր մամուլի ասուլիսների ընթացքում բազմաթիվ անգամներ խոսել Հայաստանի, մեր մշակույթի, Հայոց ցեղասպանության մասին, այնպես որ, այս մրցույթը կարող է որոշիչ դեր ունենալ, հետեւաբար, սփյուռքի մեր հայրենակիցներին խնդրում եմ ակտիվ քվեարկել «Genealogy» խմբի օգտին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս