ԽԱԽՏՎԱԾ ԷԹԻԿԱ ԵՎ ՎԱՏ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ էթիկայի հանձնաժողովը կարծում է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնները, երբ քաղաքացի Վարդգես Գասպարիի ձեռքից վերցրել է պաստառը՝ «մարդասպան» բնորոշումներով: Նման եզրակացության հանձնաժողովը հանգել է երեկ տեղի ունեցած փակ նիստում, որտեղ շարունակվել է Սամվել Ալեքսանյանի դեմ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դիմումի քննությունը:
Նշենք, որ պատգամավորը հարկ չէր համարել անգամ ներկայանալ էթիկայի հանձնաժողովի նիստին: Նա ոչ էլ իր դեմ ներկայացրած բողոքի վերաբերյալ գրավոր մեկնաբանություններ էր ուղարկել: Միայն հայտնի է, որ Լֆիկ Սամոն մամուլի միջոցով ասել էր, թե տեսողության հետ խնդիրներ ունի, դրա համար էլ պաստառը վերցրել է:
Ինչեւէ, էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ իրենք օրենքով նախատեսված կարգով ծանուցել են նրան այդ մասին: «ԱԺ կանոնակարգով իր ներկա լինելը իրավունք է, եւ ինքն է որոշում` օգտվե՞լ այդ իրավունքից»,-ասաց Փաշինյանը: Էթիկայի հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենց կարծիքով՝ Սամվել Ալեքսանյանը  խախտել է ԱԺ պատգամավորի էթիկայի կանոնները: Սակայն հանձնաժողովն իր որոշումը կհրապարակի ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ: «ԱԺ Կանոնակարգ-օրենքի համաձայն՝ որոշումը պետք է լինի գրավոր պատճառաբանված, դա միայն արձանագրում չէ՝ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները, թե ոչ: Հանձնաժողովը իրավիճակի վերլուծությամբ է հանդես եկել, եւ դա բավականին ծավալուն աշխատանք է: Դա բարոյական նշանակություն ունի, որը տվյալ իրավիճակում այն է, ինչ նախատեսում է ՀՀ օրենսդրությունը»,-ասաց Փաշինյանը:
Բայց դատելով հանձնաժողովի հանդեպ պատգամավորի արհամարհական վերաբերմունքից, դժվար է, թերեւս, հավատալ, որ կայացրած որոշումը որեւէ ազդեցություն կունենա նրա վրա:
Ի դեպ, երեկ հանձնաժողովի նիստը բավական երկար տեւեց: Նիստին ներկա էին ոչ միայն ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամները, այլեւ՝ հրավիրվել էր նաեւ դիմումատուն՝ Վարդգես Գասպարին, նաեւ՝ ոստիկանության իրավաբանական վարչության ներկայացուցիչը: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, նիստի ընթացքում կետ առ կետ քննարկվել է հանձնաժողովի որոշման նախագիծը, եւ պատգամավորները իրենց դիտողություններն են ներկայացրել ձեւակերպումների վերաբերյալ: Իսկ Ալեքսանյանի կողմից պատգամավորական էթիկայի նորմերը խախտելու վերաբերյալ որոշումը կայացրել է չորս կողմ, մեկ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը չի մասնակցել միայն ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը, որը նիստի կեսից դուրս էր եկել: Կասկածներ կան, որ ձեռնպահ քվեարկած պատգամավորը ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն է, կան նաեւ տեղեկություններ, որ դա եղել է ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Սակայն Նիկոլ Փաշինյանը չհրապարակեց այդ պատգամավորի անունը՝ ելնելով էթիկայի նորմերից:
Իսկ Վարդգես Գասպարին էլ կարծիք հայտնեց, որ ինքը գոհ է էթիկայի հանձնաժողովի որոշումից: «Էթիկայի հանձնաժողովը արեց այն, ինչ հնարավոր էր: Չեմ կարծում, որ այլ լիազորություն ունի, որ չի արել, հետեւաբար չեմ կարող ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը բավարար չհամարել»,-ասաց նա:
Հ. Գ. Մնում է՝ Սամվել Ալեքսանյանն էլ իր հերթին մի էթիկայի հանձնաժողով գտնի, որպեսզի «պատժի» Գասպարիին, որը իր «ազիզ եղբոր»-ը մարդասպան էր անվանել ու դեռ պաստառն էլ պահել փողոցում:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս